Գլխավոր էջ





Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված 10-օրյակ ԳԿՄԿ-ում։ Առաջիկայում՝ բաց դռների շարք

Մայիսի 23, 2025

Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է՝ հռչակված ՄԱԿ-ի կողմից, որի նպատակն է՝ ընդգծել կենսաբազմազանության առանցքային դերը Երկիր մոլորակի կյանքի պահպանման և կայուն զարգացման համար։ Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ը հրապարակում է օրվա խորհրդին նվիրված իր ուղերձը (2025-ի ուղերձը տե՛ս ՄԱԿ-ի պաշտոնական կայքում

2024-2025 ուստարվանից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) գործարկել է ՀՀ-ում եզակի «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական ծրագիրը՝ հիմնված կենսաբազմազանության հիմնախնդիրներին պատշաճ անդրադարձ կատարելու կարևորության վրա։ Ծրագիրը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումասիրության ամբիոնում՝ տեղակայված Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում:

Կենսաբազմազանության հիմնախնդիրները ամբիոնի հետաքրքրությունների առանցքում են ողջ տարին, իսկ Կենսաբազմազանության միջազգային օրվա շրջանակներում դրանք դարձել են հատուկ 10-օրյակի թեմա։ Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված 10-օրյակը մեկնարկել է 2025թ․ մայիսի 21-ից և ամփոփվելու է մայիսի 31-ին։ Դրա շրջանակներում կան արդեն իրականացված և դեռ նախատեսված միջոցառումներ։

Մասնավորապես՝ մայիսի 21-ին ամբիոնի դասախոսները և որոշ մագիստրանտներ մասնակեցել են Երևանի Իբիս հյուրանոցում կազմակերպված միջազգային համաժողովին՝ «Էկոհամակարգային հաշվառումը Հայաստանում» խորագրով, որտեղ ամբիոնի 1-ին կուրսի մագիստրանտ Արմինե Արշակյանը հանդես է եկել զեկույցով՝ «Կենսաբազմազանության նշանակությունը Հայաստանի մշակույթի համար» թեմայով (ղեկավար՝ կ․գ․թ․, դոցենտ Ալլա Ալեքսանյան)։

Մայիսի 22-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումասիրության ամբիոնի վարիչ Ալլա Ալեքսանյանը, ըստ հրավերի, բաց դաս է վարել Երևանի թիվ 64 դպրոցում։ Նա անդրադարձել է կենսաբազմազանության նշանակությանը, խոսել կենսաբազմազանության սպառնալիքների և պահպանության հնարավոր ուղիների մասին՝ հանդիպման վերջում անցկացնելով վիկտորինա։  

Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, նախատեսված է անցկացնել ինտերակտիվ բաց քննարկում՝ «Պահպանվող տարածքների կառավարման գործընթացում մասնակցային որոշումների կայացումը» խորագրով, ինչին ամբիոնը հրավիրում է բոլոր հետաքրքրվածներին, հատկապես՝ դիմորդներին (հասցե՝ Երևան
Աճառյան փողոց 1, ՀՀ ԳԱԱ Ա
Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ)։ Միջոցառման ավարտին նախատեսվում է պատասխանել դիմորդներին հետաքրքրող բոլոր հարցերին՝ մեկնարկելով ընդունելության շրջանով պայմանավորված բաց դռների շարքը։

Մայիսի 31-ին կամփոփվի 10-օրյակը՝ դիմորդների համար նախատեսված բաց դռների շարքը թողնելով շարունակական։


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին