Կայացավ Արմեն Մանվելյանի բաց դասախոսությունը
Սեպտեմբերի 22, 2026
Ս․ թ․ սեպտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) կայացավ հերթական բաց դասախոսությունը։ Այս անգամ բանախոսը պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Արմեն Մանվելյանն էր։ Դասախոսության թեման էր՝ «Աշխարհաքաղաքական իրավիճակը Երկրորդ աշխարհամարտի նախօրյակին»։
Հանդիպման աջակիցն էր «Անուշ Կլիմչիկ» լեհական հիմնադրամը։
Օրը պատահական չէր ընտրված․ 1939 թ․ սեպտեմբերի 17-ը վճռորոշ պատմական ամսաթիվ է եղել Լեհաստանի համար՝ Երկրորդ աշխարհամարտի համատեքստում, ինչին ևս անդրադարձավ բանախոսը իր դասախոսության ընթացքում։
Ներկաներին ողջունեց ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը՝ կարևորելով բանախոսի և լեհական հիմնադրամի հետ մեկնարկած համագործակցությունները։ Նա հույս հայտնեց, որ վերջինս կնպաստի հայ-լեհական նոր կամուրջների ձևավորմանը՝ բարձրագույն կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։
Ա․ Մանվելյանը ուշագրավ զուգահեռներ տարավ Երկրորդ աշխարհամարտի նախօրյակին Եվրոպայում և մեր օրերում Հարավային Կովկասում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակների միջև։
Դասախոսությանը ներկա էին ԳԿՄԿ մագիստրանտներ, շրջանավարտներ, աշխատակիցներ, կրթական այլ հաստատությունների ուսանողներ և դասախոսներ։ Հանդիպումը եզրափակվեց հարցուպատասխանով, որի ընթացքում բանախոսը պատասխանեց ունկնդիրների հարցերին։
Դասախոսությանը ներկա էին նաև լեհ դիվանագետ Անջեյ Կլիմչիկը, Քաղաքագետների հայկական ասոցիացիայի նախագահ Միհրան Շահզադեյանը և «Անուշ Կլիմչիկ» հիմնադրամի տնօրեն Մարիա Ավետյանը։ Վերջինս հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ցանկություն հայտնելով ԳԿՄԿ-ի և հիմնադրամի միջև հաստատել շարունակական համագործակցություն և նվիրելով թեմատիկ գրականություն։
Ի դեպ, «Անուշ Կլիմչիկ» հիմնադրամը, ինչպես իր խոսքում նշեց Մարիա Ավետյանը, սոցիալական և բարեգործական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2025 թ․ և ուղղված է կրթության և մշակույթի աջակցությանը, ինչպես նաև միջազգային նախաձեռնությունների իրականացմանը։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին







