Կայացավ յունգյան արքետիպերին նվիրված սեմինարը
Ապրիլի 21, 2025
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ապրիլի 19-ին կայացավ հայտարարված սեմինարը՝ նվիրված յունգյան վերլուծական հոգեբանության բանալի հասկացության՝ արքետիպերի նորովի քննությանը։ Բանախոսը ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի մագիստրանտ Արամ Խաչատրյանն էր, որ արդեն իսկ հանրությանը հայտնի է որպես կայացած պրակտիկ հոգեբան։
Բոլորովին վերջերս նա հրատարակել էր իր մենագրությունը՝ «Մհեր․ Անկում և խոյանք» վերնագրով, որում Փոքր Մհերի անհատականացման ուղին փորձել էր մեկնաբանել յունգյան վերլուծական հոգեբանության լույսի ներքո։
Կայացած սեմինարի շրջանակներում Արամ Խաչատրյանը անդրադարձ կատարեց նաև իր գրքի դրույթներին՝ հանգամանալից մեկնելով դրանցով առաջարկվող գաղափարախոսությունը։
Հայոց էպոսը և յունգյան վերլուծական հոգեբանությունը, որ երկուստեք գիտական բանավեճի անսպառ հումք են, ինքնատիպորեն էին հանդիպել Արամ Խաչատրյան հեղինակի և բանախոսի խոսքում։
Սեմինարի լսարանը, որ կազմված էր տարբեր հաստատություններ և մասնագիտություններ ներկայացնող մասնակիցներից, մեծ հետաքրքրվածություն դրսևորեց թեմայի նկատմամբ, ինչի արտահայտությունը եղավ հետաքրքիր քննարկումային և հարցուպատասխանային հատվածը։
ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնը հպարտորեն շնորհավորում է Արամ Խաչատրյանին իր՝ «Մհեր․ Անկում և խոյանք» մենագրության լույսընծայման առթիվ՝ մաղթելով նորանոր վերելքներ մասնագիտական ճանապարհին։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին