Փոխադարձ գիրքնվիրում՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի և ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի միջև
Փետրվարի 20, 2025
2025 թվականի փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը փոխանակվեցին գրքային նվերներով։ Միջոցառումն իրականացվեց ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում տեղակայված ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի նորաբաց լսարանում, որտեղ ուսանում են Կենտրոնի՝ «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին սերնդի ուսանողները։ Նախաձեռնության նպատակը նորաբաց մասնագիտացված լսարանին և մեկնարկ վերցրած կրթական ծրագրին մասնագիտական գրականությամբ աջակցելն էր։ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանի գլխավորությամբ միջոցառմանը մասնակցում էին գիտական քարտուղար Մ.Սարգսյանը, Հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Հ. Մելքոնյանը, ՏՏ բաժնի պետ Ա. Եղոյանը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումասիրության ամբիոնի վարիչ Ա. Ալեքսանյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները և ուսանողները:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանն իր բացման խոսքում դրական գնահատեց իրականացված նախաձեռնությունը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանին՝ պատրաստակամության և աջակցության համար: Տնօրենն ընդգծեց. «Գիրքը եղել և մնում է չվիճարկվող արժեք։ Շատ ողջունելի է, որ կա գիրք նվիրելուն նվիրված տոն, քանի որ դա գեղեցիկ առիթ է՝ գիրք կարդալու, միմյանց գիրք նվիրելու, գրքերից քաղած արժեքավոր գաղափարներով միմյանց հետ փոխանակվելու մշակույթը պահպանելու և զարգացնելու համար։ Մեծ է հատկապես մասնագիտական գրքերի կարևորությունը, քանի որ այն օգնում է մրցունակ մասնագետներ ձևավորելուն, ուստի շնորհակալ ենք ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանին՝ այս խորհրդանշական օրը հատկապես նեղ մասնագիտական գրքերով մեր ամբիոնի գրադարանը համալրելու համար»։
Ի պատասխան ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի շնորհակալ քայլի՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումասիրության ամբիոնը՝ ի դեմս ամբիոնի վարիչ կ․գ․թ․, դոցենտ Ալլա Ալեքսանյանի, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանին նվիրեց ամբիոնի դասախոսների հեղինակած մենագրություններից։
Միջոցառումն ամփոփվեց ամբիոնի դասախոսների և մագիստրանտների կողմից գրքային անակնկալների փոխանակմամբ՝ ուղեկցված իրենց գրքային ընտրությունը հիմնավորող ուշագրավ մեկնաբանություններով։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին