Կայացավ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կուրսերի ավագների ժողովը
Փետրվարի 20, 2025
Սույն թվականի փետրվարի 18-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դահլիճում կայացավ ավագների ժողով, որ հրավիրվել էր ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանի կողմից՝ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի և ԳԿՄԿ ուսանողական խորհրդի հետ համագործակցությամբ: Հանդիպումը նվիրված էր ուսանողների հետ 2025-ին տարվող կազմակերպական աշխատանքների բնույթի, որակի, դրանց իրականացման մեխանիզմների և հատկապես ուսանողներին իրազեկելու արդյունավետ կապուղու ընտրության հարցերին: Նպատակը ուսանողական համայնքի ակտիվացումը և համախմբումն էր, մագիստրանտական հիմնախնդիրների և տրամադրությունների վերհանումը, ինչպես նաև՝ կարիերայի ուղղությամբ նախագծվող քայլերի հստակեցումը:
Հանդիպումը վարեց դեկան Ատոմ Մխիթարյանը՝ ուսանողներին առաջարկված թիմային քննարկումների ձևաչափով:
Թիմերը բարձրաձայնեցին իրենց ակնկալիքները և քննարկման դրված հարցերի մասին իրենց կարծիքները, ինչպես նաև բերեցին քննարկման արժանի գաղափարներ:
Ուսանողների բարձրացրած բոլոր գաղափարներն արձանագրվեցին՝ դրանց ուղղությամբ աշխատանքային քննարկում ծավալելու և լուծումներ գտնելու նպատակադրումով:
Ելույթ ունեցավ նաև ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանը՝ ներկայացնելով ուսանողների կարիերայի ուղղությամբ Բաժնում նախագծված մի քանի քայլեր՝ փորձելով ճշտել դրանց նկատմամբ ուսանողների արձագանքը:
Հանդիպմանը ներկա էր նաև ԳԿՄԿ կրթության որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը, որ, արձանագրելով ուսանողների կողմից հնչեցված կարծիքներն ու գաղափարները, նախապատրաստեց նրանց իր ղեկավարած բաժնի կողմից ուսանողների շրջանում առաջիկայում կատարելիք որոշ միջոցառումների:
Հանդիպումը եզրափակվեց ԳԿՄԿ ՈւԽ նախագահ Լիանա Գյուրջյանի ելույթով: Նա լսարանին ներկայացրեց ՈւԽ-ի վերջերս իրականացրած միջոցառումները, հիշեցրեց ՈՒԽ-ի նպատակների մասին, ինչպես նաև իրազեկեց նախագծված աշխատանքների մասին՝ հորդորելով ավագներին ապահովել դրանցում իրենց կուրսընկերների ակտիվ մասնակցությունը:
Հանդիպումը հաջողվեց, քանի որ կազմակերպիչներն ու մասնակիցներն արդյունավետորեն իրացրին միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորությունը՝ հստակեցնելով միմյանցից ունեցած սպասելիքները, միմյանց գաղափարների ու նախագծերի մասին տրամադրվածությունը, միմյանց հետ արդյունավետորեն աշխատելու կապուղին:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին