Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն մասնակցել է Տուշայի համալսարանի 7-րդ Միջազգային աշխատակազմի շաբաթին

Հունիսի 19, 2026

2026 թվականի հունիսի 8-12-ը Իտալիայի Վիտերբո քաղաքում գտնվող Տուշայի համալսարանը հյուրընկալել էր 7-րդ Միջազգային աշխատակազմի շաբաթը՝ «Արհեստական բանականություն, ներառականություն և կայունություն բարձրագույն կրթությունում» խորագրով։ Միջոցառումը համախմբել էր աշխարհի տարբեր երկրների բուհերի շուրջ 200 ակադեմիական և վարչական աշխատակիցների՝ բարձրագույն կրթության ոլորտում միջազգային գործընկերության և նորարարական մոտեցումների շուրջ փորձի փոխանակման նպատակով։

Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) պատվիրակությունը՝ տնօրեն Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին Արտաքին կապերի բաժնի պետ Անժելա Պապիկյանը, Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արմեն Եղոյանը, Բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոս Դավիթ Պիպոյանը։

Ծրագրի շրջանակում անցկացվեցին մասնագիտական զեկույցներ, թեմատիկ նիստեր, աշխատաժողովներ և կլոր սեղաններ՝ նվիրված կրթության հասանելիության ու կայուն զարգացման վրա արհեստական բանականության ազդեցությանը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման էթիկական ու հասարակական մարտահրավերներին։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Erasmus+ շարժունության հնարավորությունների զարգացմանը, միջազգային գործընկերությունների ընդլայնմանը, ինչպես նաև համատեղ և կրկնակի դիպլոմների ծրագրերի մշակմանը։ Միջոցառումը նաև արժեքավոր հարթակ դարձավ նոր մասնագիտական կապերի հաստատման և ապագա գործակցության հեռանկարների քննարկման համար։

ԳԿՄԿ պատվիրակությունն իր մասնակցությամբ հնարավորություն ստացավ ծանոթանալու բարձրագույն կրթության արդի միտումներին, լավագույն փորձը փոխանակելու միջազգային գործընկերների հետ և նախանշելու ակադեմիական համագործակցության նոր ուղիներ՝ նպաստելով Կենտրոնի միջազգայնացման գործընթացի հետագա զարգացմանը։

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին