Իրենց մագիստրոսական դիպլոմներն ստացան կրթության կառավարման, ընդհանուր և հայ լեզվաբանության կրթական ծրագրերի շրջանավարտները
Սեպտեմբերի 16, 2025
2025թ․ սեպտեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դահլիճում դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն էր։
Շնորհավորանքի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը, դեկան Ատոմ Մխիթարյանը և համապատասխան ամբիոնների վարիչները։
Դիմելով շրջանավարտներին՝ տնօրենը, մասնավորապես, նշեց․ «Հավատացած եղեք, որ ձեր ստացած կրթությունը շատ պահանջարկված է մեր հանրապետությունում, քանի որ լեզուն մեր ինքնության հիմքն է, իսկ կրթության կառավարումը այն գործիքն է, որ նպաստում է մեր հասարակության զարգացմանը»։ Ապա հավելեց․ «Սա միայն ձեր անձնական նվաճումը չէ, այլև ներդրում է մեր պետության հետագա զարգացման գործում»։
Տնօրենը հիշեցրեց, որ ԳԿՄԿ-ն մեր գիտական մտքի կենտրոնի՝ ԳԱԱ-ի մի մասն է, և հորդորեց մշտապես բարձր պահել ԳԱԱ-ի և ԳԿՄԿ-ի անունները՝ տարածելով իրենց փոխանցված ակադեմիական բարձր արժեքները։
Դեկան Ատոմ Մխիթարյանը իր ուղերձում մասնավորապես ընդգծեց․ «Սիրելի՛ շրջանավարտներ, Կենտրոնը ձեզ տվել է գիտելիք, հմտություն և ընկերներ, իսկ այսօր այն ձեզ ճանապարհում է դեպի նոր բարձունքներ։ Հիշե՛ք՝ ձեր ձեռք բերած գիտելիքը մեծագույն ուժ է, բայց առավել մեծ ուժ է այն, երբ այն ծառայում է հասարակությանը, մեր հայրենիքին»։
Արտահայտվեցին նաև օրվա շրջանավարտների ամբիոնների վարիչները՝ Լեզվաբանության ամբիոնի վարիչ Մերի Սարգսյանը և Մանկավարժության ամբիոնի վարիչ Հայկ Պետրոսյանը։
Մ․Սարգսյանը շրջանավարտներին դիմեց նախ որպես ԳԿՄԿ գիտական քարտուղար, ապա նաև իր շնորհավորական ուղերձը հղեց իր ղեկավարած ամբիոնի շրջանավարտներին։ Նա հույս հայտնեց, որ արժանիորեն տրված դիպլոմները կծառայեն իրենց նպատակին՝ մագիստրոսների համար բացելով նորանոր հորիզոններ։ Մաղթեց աշխատանքում մշտապես լինել անաչառ, ազնիվ, հայամետ, հայանպաստ, ստեղծագործ և ստեղծարար։
Հ․ Պետրոսյանը շրջանավարտներին մաղթեց ունենալ ստեղծագործական մարդու ճանապարհ՝ լի բազում հաջողություններով։ Վստահություն հայտնեց, որ կրթության կառավարչի համար ստացած գիտելիքները կիրառելի կլինեն ոչ միայն կրթության, այլև կառավարման ամենատարբեր ոլորտներում։
Արտահատվեցին նաև շրջանավարտները՝ շնորհակալություն հայտնելով իրենց դասախոսներին և Կենտրոնի վարչակազմին՝ ստացած հարուստ գիտելիքների, մարդկային վերաբերմունքի և բարենպաստ միջավայրի համար։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին