Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ում շարունակվում է արհեստական բանականության և թվային փոխակերպման ռազմավարական օրակարգի իրականացումը

Հուլիսի 15, 2026

Հուլիսի 13-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) կայացավ տնօրենի ժ/պ, տ․գ․թ․ Արմեն Սարգսյանի հերթական սեմինարը՝ նվիրված արհեստական բանականության (AI) կիրառմանը բարձրագույն կրթության ոլորտում և Կենտրոնում իրականացվող թվային փոխակերպման գործընթացներին։

Սեմինարի ընթացքում քննարկվեցին ժամանակակից համալսարանների զարգացման մի շարք առանցքային հարցեր՝ արհեստական բանականության դերը կրթական և գիտական գործունեության մեջ, AI գործիքների պատասխանատու կիրառման մշակույթի ձևավորումը, ինչպես նաև դրանց համադրելիությունը ԳԿՄԿ ռազմավարական առաջնահերթությունների հետ։

Վերջին տարիներին ԳԿՄԿ-ն հետևողականորեն իրականացնում է թվային վերափոխման քաղաքականություն՝ նպատակ ունենալով ձևավորել ժամանակակից, ճկուն և միջազգային չափանիշներին համապատասխան կրթական միջավայր։ Այս գործընթացում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում արհեստական բանականության գործիքների ներդրումը, որը նախաձեռնվել և համակարգվում է Արմեն Սարգսյանի կողմից՝ որպես զարգացման երկարաժամկետ ռազմավարության կարևոր բաղադրիչ։

Սեմինարի ընթացքում Արմեն Սարգսյանը ներկայացրեց AI գործիքների կիրառմամբ իր կողմից մշակված և արդեն ներդրման փուլ մտած մի շարք թվային լուծումներ։ Մասնավորապես ներկայացվեց ստեղծված նոր «Ուսանողական պորտալը», որը նախատեսված է ուսանողական ծառայությունների թվայնացման, տեղեկատվության հասանելիության բարձրացման և ուսանողի կրթական փորձառության բարելավման համար։

Ներկայացված հարթակը հնարավորություն է տալիս մեկ միասնական միջավայրում համախմբել ուսումնական գործընթացի, ակադեմիական առաջադիմության, փաստաթղթաշրջանառության և այլ ծառայությունների կառավարումը՝ ձևավորելով «Մեկ թվային համալսարան» (One Digital Campus) գաղափարի գործնական հիմքերը ԳԿՄԿ-ում։

Սեմինարի ընթացքում քննարկվեցին նաև ԳԿՄԿ թվային զարգացման հաջորդ փուլերը, որոնք ներառում են AI աջակցությամբ կրթական և հետազոտական ծրագրերի ներդրում, AI գրագիտության դասընթացների կազմակերպում, թվային կառավարման համակարգերի կատարելագործում, ինչպես նաև միջազգային կրթական և գիտական համագործակցության նոր ձևաչափերի զարգացում։

Հանդիպման ընթացքում AI գործիքների կիրառության իրենց փորձով կիսվեցին նաև ԳԿՄԿ աշխատակիցները։ Նրանք խոսեցին կրթության մեջ արհեստական բանականության ընձեռած գործնական հնարավորությունների և մարտահրավերների մասին՝ կարծիքներ ու առաջարկություններ ներկայացնելով նաև ԳԿՄԿ-ում կիրառվող AI լուծումների վերաբերյալ։

Ամփոփելով քննարկումը՝ Արմեն Սարգսյանը նշեց, որ արհեստական բանականության կիրառման նպատակահարմարության հարցն արդեն իսկ լուծված է համաշխարհային կրթական համակարգում, և ժամանակակից համալսարանների առջև ծառացած հիմնական խնդիրն է այդ գործիքների գրագետ, պատասխանատու և արդյունավետ կիրառման մշակույթի ձևավորումը։

Սեմինարի հիմնական ուղերձը դարձավ ԳԿՄԿ զարգացման տեսլականը բնութագրող հետևյալ միտքը՝

«Մենք չենք պատրաստվում ապագային մենք ստեղծում ենք այն»։

Այս գաղափարն արտացոլում է Կենտրոնում արդեն իրականացված, ընթացիկ և նախատեսվող ծրագրերի ամբողջությունը, որոնք ուղղված են ԳԿՄԿ-ն որպես գիտելիքի, նորարարության, թվային փոխակերպման և միջազգային համագործակցության ժամանակակից հարթակ զարգացնելուն։

 

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին