ԳԿՄԿ մագիստրանտ Արփինե Հակոբյանը՝ «Առաջարկ Հայաստանին» մրցույթի մրցանակակիր
Հունվարի 15, 2026
2025թ․ տարեվերջին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) «Կրթության կառավարում» մագիստրոսական ծրագրի գերազանց ուսանողուհի Արփինե Հակոբյանը հաղթանակ է գրանցել «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթում՝ կազմակերպված «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից․ նրա նախագիծը ճանաչվել է լավագույններից մեկը։
ԳԿՄԿ տնօրենությունը և ողջ անձնակազմը սիրով շնորհավորում են Արփինեին նշանակալի հաղթանակի առթիվ՝ մաղթելով նորանոր նվաճումներ սեփական կարիերայի կերտման ճանապարհին՝ ի նպաստ մեր պետության հզորացման։
Ստորև՝ Արփինեի հաղթանակի լուսաբանումը՝ հարցազրույցի ձևաչափով։
– Արփինե՛, ի՞նչ տպավորություններ և զգացողություններ ունեք՝ լինելով մրցույթի հաղթողներից մեկը։
– «Առաջարկ Հայաստանին» ուսանողական մրցույթում արձանագրված հաղթանակս ինձ համար նշանակալի և պարտավորեցնող է։ Այս հաջողությունը վկայում է, որ նախաձեռնողական մտածողությունը, պատասխանատու մոտեցումն ու երկրի զարգացման նկատմամբ մտահոգությունը կարևոր են և արժևորվում են։ Հաղթանակս ինձ համար միայն անձնական ձեռքբերում չէ, այլև պատասխանատվություն՝ շարունակելու աշխատել նախաձեռնողական և պետական մտածողությամբ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման։
– Ինչի՞ մասին էր մրցույթին ներկայացված Ձեր նախագիծը։
– Իմ նախագիծը անվանել եմ «Սահմանին մոտ` առանց սահմանների»: Այն տեխնիկապես կահավորված շարժական կրթական հարթակի գաղափար է՝ ավտոբուսի մոդելով, որը հնարավորություն կտա սահմանամերձ համայնքներում ապրող երեխաներին՝ ստանալու զարգացնող գիտելիքներ և հմտություններ՝ դպրոցական ծրագրից դուրս։ Ծրագրի շրջանակներում երեխաները հնարավորություն կունենան սովորելու փորագրության արվեստ (քարվինգ), բացահայտելու մեդիա կրթության առանձնահատկությունները և, ավտոբուսի կահավորվածության շնորհիվ, այդ գիտելիքները անմիջապես կիրառելու գործնականում։
– Պատրաստվու՞մ եք արդյոք այն կյանքի կոչել։
– Քանի որ նախագիծս լավագույն առաջարկներից մեկն է գնահատվել, այն ներառված կլինի «Առաջարկ Հայաստանին» ծրագրում, որի իրականացման աշխատանքներին կմասնակցեմ նաև ես:
– Դուք սովորում եք «Կրթության կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայում․ որքանո՞վ է Ձեր մագիստրոսական կրթությունը նպաստել Ձեր գաղափարի հղացմանն ու ձևակերպմանը։
– Գաղափարը հղացվել է «Ծրագրի/նախագծի մշակում և կառավարում» դասընթացի շրջանակներում (դասախոս՝ մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյան): Նախագիծը կազմելիս կիրառել եմ դասընթացի շրջանակներում ձեռք բերած հմտություններս․ այդ է պատճառը, որ կիսում եմ հաղթանակս ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ և խորին շնորհակալությունս հայտնում դասախոսական կազմին:
Հարցազրույցը վարեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի
և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանը


