Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Կրթության կառավարում» մագիստրոսական ծրագիրը նշում է հոբելյանական 5-ամյակը

Հուլիսի 14, 2026

Հունիսի 20-ին կայացավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) «Կրթության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի հերթական սերնդի թեզերի պաշտպանությունը։

Այս նշանակալի օրը, ԳԿՄԿ դեկան և ծրագրի դասախոս, դոցենտ Ատոմ Մխիթարյանի նախաձեռնությամբ, վերածվեց կրկնակի տոնի. մեկտեղվեցին ծրագրի բոլոր սերունդների շրջանավարտները, ուսանողները և դասախոսները՝ միասին նշելու կրթական ծրագրի հիմնադրման 5-ամյակը: Ջերմ և կառուցողական մթնոլորտում անցած հանդիպումը լավագույն հարթակն էր՝ արժևորելու անցած ուղին, կիսվելու մասնագիտական հաջողություններով և քննարկելու կրթական նոր գաղափարներ:

Չնայած իր երիտասարդ տարիքին՝ ծրագիրն արդեն ձևավորել է հաջողակ և կուռ համայնք: Շրջանավարտների թվում են կայացած ու նորարար դասավանդողներ, կրթական հաստատությունների ղեկավարներ և գիտության թեկնածու:

Միայն ընթացիկ ուսումնական տարում ծրագրի մագիստրանտները գրանցել են փայլուն արդյունքներ՝

  • Միջազգային փորձ. Անահիտ Մանուկյանը Erasmus+ ծրագրով մեկ կիսամյակ ուսանել է աշխարհի հնագույն՝ Բոլոնիայի համալսարանում:
  • Նորարարական հաղթանակ. Արփինե Հակոբյանն արժանացել է մրցանակի «Առաջարկ Հայաստանին» մրցույթում՝ ներկայացնելով կրթական նորարարական նախագիծ:

2026թ․ շրջանավարտների մագիստրոսական թեզերի փայլուն պաշտպանությունը ևս վկայությունն էր այն բանի, որ կրթության ոլորտը, ի դեմս ԳԿՄԿ «Կրթության կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների, մշտապես համալրվում է կրթության կառավարիչների որակյալ կադրերով՝ զինված ոչ միայն մասնագիտական հարուստ և մրցունակ գիտելիքներով ու կարողություններով, այլև բարձր արժեհամակարգով։

Միջոցառմանը ներկա էին ծրագրի առաջատար դասախոսները՝ մ․գ․դ․, պրոֆ․ Հայկ Պետրոսյանը, բ․գ․թ․, դոցենտ Աստղիկ Ավետիսյանը, մ․գ․թ․, դոցենտ Կարինե Պապիկյանը և մ․գ․թ․ Վահան Մելիքսեթյանը։ Նրանք ողջունեցին սերունդների համախմբման գաղափարը, կիսեցին իրենց սաների հաջողություններն ու փոխանցեցին արժեքավոր մասնագիտական խորհուրդներ։

«Կրթության կառավարում» ծրագրի ուսանողներն ու շրջանավարտներն իրենց երախտագիտությունը հայտնեցին պրոֆեսորադասախոսական կազմին՝ ընդգծելով ծրագրի որոշիչ դերն իրենց կարիերայի առաջընթացում:

Հոբելյանական օրը եզրափակվեց հատուկ դասախոսությամբ: Ամերիկահայ տնտեսագետ, ԱՄՆ Սուրբ Խաչ համալսարանի Բիզնես վարչարարության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմինե Շահոյանը հանդես եկավ «Անդրագոգիկա․ մեծահասակների կրթությունը ԱՄՆ-ում» թեմայով դասախոսությամբ՝ հարստացնելով ներկաների մասնագիտական գիտելիքները:

 

ԳԿՄԿ երիտասարդ և էական հաջողությունների պատմություն գրանցած մագիստրոսական կրթական ծրագիրը՝ իր բարձրորակ պրոֆեսորադասախոսական կազմով և սերունդների կուռ համայնքով, բաց է նոր սերունդների համար․ ընթացքում է ԳԿՄԿ մագիստրատուրայի ընդունելությունը՝ «Կրթության կառավարում» ծրագրին հատկացված տեղերով։

 

Միջոցառումը լուսաբանող տեսանյութը հասանելի է այստեղ

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին