Գլխավոր էջ





Կնքվեց համագործակցության համաձայնագիր ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի և «Россотрудничествo»-ի միջև

Փետրվարի 14, 2025

Սույն թվականի փետրվարի 13-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում նշանավորվեց ևս մեկ միջազգային գործընկեր ձեռք բերելով․ կնքվեց համագործակցության համաձայնագիր ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և «Россотрудничествo»-ի միջև՝ ի դեմս ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանի և «Россотрудничествo»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի։


«Россотрудничество»-ն դաշնային գործակալություն է՝ Անկախ Պետությունների Համագործակցության, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով զբաղվող։ Այն իրականացնում է գիտակրթական և մշակութային լայնածավալ աշխատանքներ՝ ՀՀ-ում տեղայնացված լինելով «Русский дом» անվամբ Երևանի և Գյումրիի գրասենյակներում։


Կնքված համաձայնագրի առարկան կողմերի միջև կրթության, գիտության, մշակույթի, ռուսերենի զարգացման և հումանիտար համագործակցության այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրագործման գծով համագործակցության հաստատումն էր։


ԳԿՄԿ-ի տնօրեն Արմեն Սարգսյանը, ողջունելով հյուրերին, համագործակցելու նախաձեռնության մասին արտահայտվեց«Այս համագործակցությունն իսկապես կարևոր է, քանի որ զբոսաշրջությունը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի ինչպես երկրի մակարդակով, այնպես էլ մեր Կենտրոնում։ Դա է պատճառը, որ երբ խոսք բացվեց այս ծրագրի մասին, արձագանքս եղավ դրական, քանի որ դա կարող է ստեղծել դրական փոփոխությունների հնարավորություններ զբոսաշրջության ոլորտում, և դա ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում»։


«Նախորդ տարիներին մեզ մոտ ավելի շատ ուշադրություն էր դարձվում մշակութային նախագծերի վրա։ Վերջին շրջանում, սակայն, մենք կենտրոնացել ենք գիտության վրա և ունենք մասնագետներ, որ կարող են դա իրագործել ամենաբարձր մակարդակով», - իր խոսքում նշեց Վադիմ Ֆեֆիլովը։


Հանդիպման ընթացքում կողմերը փոխանակվեցին իրենց կառույցների և դրանցում կիրառված ռազմավարական քայլերի մասին ճանաչողական տեղեկատվությամբ, ինչը ուրվագծեց կնքված համաձայնագրից գործնական քայլերի անցնելու աշխատանքային քարտեզի որոշ ուղղություններ։


Համագործակցության մեկնարկին կողմերը փոխադարձ հետաքրքրվածություն հայտնեցին հատկապես զբոսաշրջության ոլորտում համագործակցելու ուղղությամբ։ Որոշվեց առաջին համատեղ նախագիծը՝ «Զբոսավարների դպրոց»-ը՝ որակավորման բարձրացման դասընթացներ՝ նախատեսված Գյումրիի զբոսավարների համար։


 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին