Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրանտները այցելեցին ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Մարտի 13, 2025

2025 թվականի մարտի 11-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մի խումբ մագիստրանտներ հյուրընկալվեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։ Այցելությունը նախաձեռնվել և կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի կողմից։


«Այս այցելությունը ԳԿՄԿ-ում ուսանողների կարիերայի աճի խթանմանը միտված միջոցառումներից մեկն է՝ «Աշխատանքային կողմնորոշման այցելություններ» շարքի հերթական դրսևորումը։ Այցելությունների այդ շարքը կոչված է նպաստավոր դաշտ ստեղծելու, որպեսզի մագիստրանտները, զինված լինելով աշխատանքային միջավայրերի մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ, կարողանան արդյունավետորեն կառուցել իրենց կարիերայի ուղին։ Այս այցելություններից հետո մագիստրանտներին, ըստ իրենց ցանկության և ԳԿՄԿ-ի միջնորդության, հնարավորություն է տրվում պրակտիկան անցկացնելու տվյալ հաստատությունում»,- նշում է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանը, որ ուղեկցում էր մագիստրանտներին։


Աշխատանքային կողմնորոշման հերթական այցելությունը կազմակերպվել էր Դիվանագետի օրվա առթիվ, ուստի պատահական չէ, որ այցելության խմբում ընդգրկված էին ԳԿՄԿ-ի միջազգային հարաբերությունների, արևելագիտության, իրավագիտության կրթական ծրագրերի մագիստրանտները։


ՀՀ ԱԳՆ-ն մեծ պատրաստակամությամբ ընդառաջ եկավ ԳԿՄԿ մագիստրանտներին ընդունելու ցանկությանը՝ կազմակերպելով հետաքրքիր և կարիերայի կառուցման հարցում օգտակար տեղեկատվությամբ հագեցած ընդունելություն՝ մշակված հատուկ ծրագրով և իրականացված երիտասարդ դիվանագետների կողմից։


Այցելող խումբը շրջայց կատարեց ԱԳՆ շենքի տարբեր ստորաբաժանումներում՝ ծանոթանալով շենքի կառուցվածքին և ստորաբաժանումների տեղակայմանը, Հայաստանի դիվանագիտական դպրոցին, ընթերցասրահին և գրադարանին։


Շրջայցին հաջորդեց գրադարանում կազմակերպված ինտերակտիվ տեղեկատվական հանդիպում՝ նվիրված դիվանագիտական գործունեության առանձնահատկություններին, ինչպես նաև ԱԳՆ համակարգի արարողակարգային, գործառութային ու մի շարք այլ հարցերի։ Հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանով՝ սպառելով այցելող խմբին հետաքրքրող հարցերի շրջանակը։

 


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին