ԳԿՄԿ 2023թ․ շրջանավարտ Նոնա Գյուլամբարյանը՝ 2025թ․ հոգեբանական գիտությունների թեկնածու
Դեկտեմբերի 10, 2025
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) հատուկ ուրախությամբ ընդգծում է իր շրջանավարտների հաջողությունները։ Ընթացիկ տարվա փետրվարին տեղի ունեցավ ԳԿՄԿ «Կրթության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի 2023 թվականի գերազանց շրջանավարտ և ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի հայցորդ Նոնա Գյուլամբարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը։ Ատենախոսության թեման է՝ «Կառավարման դեստրուկտիվ մոտիվացիայի դրսևորումները արժեհամակարգի վերափոխման համատեքստում», ինչը ներկայացվել է ԺԹ.00.03 «Սոցիալական հոգեբանություն» մասնագիտության դաշտում։ Գիտական ղեկավարը հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանն է։ Ատենախոսությունը պաշտպանվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում գործող ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի թիվ 064 մասնագիտական խորհրդի նիստում 2025թ․ փետրվարի 27-ին։
Ինչպես նշվում է ատենախոսության սեղմագրում, աշխատանքը նվիրված է դեստրուկտիվ մոտիվացիայի երևույթի սոցիալ-հոգեբանական բնութագրմանը, իսկ հետազոտության հիմնախնդիրն առնչվում է անձի փոխհարաբերություններին սոցիալական միջավայրի հետ:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն սիրով շնորհավորում է իր շրջանավարտ, արդեն հոգեբանական գիտությունների թեկնածու Նոնա Գյուլամբարյանին և իր գիտական ղեկավար, պրոֆեսոր Ն․Հակոբյանին՝ գիտական աստիճանի շնորհման գործընթացը հաջողելու համար, և մաղթում Նոնային նորանոր նվաճումներ իր կարիերայի ճանապարհին։
Ուրախությամբ ենք նշում նաև, որ այս պահին Նոնան ոչ միայն ծավալում է դասախոսական գործունեություն (ՀԵՀ հոգեբանության ամբիոն), այլև զբաղեցնում է ուսումնակազմակերպչական գծով փոխտնօրենի պաշտոն «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիր հիմնադրամում։
Իր հաջողությունների առթիվ Նոնան նշում է․ «Ինձ համար մեծ պատիվ է եղել ինչպես ԳԿՄԿ Կրթության կառավարման մագիստրոսի, այնպես էլ Հոգեբանության ամբիոնի ասպիրանտուրայի ուսանող լինելը։ Հմուտ, պատասխանատու և հոգատար գիտական ղեկավարիս՝ հ․գ․դ, պրոֆ․ Նաիրա Հակոբյանի աջակցությունն ու մարդկային վերաբերմունքն ինձ համար դարձան այն հենքը, որի վրա կարողացա կառուցել մասնագիտական վստահություն, ինքնուրույնություն և նպատակային առաջընթաց։ Նրա ցուցումներն ու խորհուրդները միշտ եղել են ոչ միայն գիտական ուղենիշ, այլ նաև մարդկային ուշադիր ուղեկցություն, ինչը ոգեշնչել է ինձ՝ ձգտելու ավելիին։ Ես ԳԿՄԿ-ում ձեռք եմ բերել գիտելիքներ, հմտություններ և արժեքային պատկերացումներ։ Իմ մուտքը ԳԿՄԿ դարձավ վճռորոշ քայլ իմ մասնագիտական ճանապարհին՝ հնարավորություն տալով հասնելու կրթության և գիտության ոլորտում նոր բարձրունքների։ Շնորհակալ եմ այս հեղինակավոր կառույցում իմ հանդեպ դրսևորված վստահության, ստեղծված միջավայրի, շարունակական աջակցության և իմ գիտական ու մասնագիտական զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար»։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին
