Ամփոփվեց գեշտալտ թերապիային նվիրված վարպետության դասերի շարքը
Մայիսի 12, 2025
2025 թվականի մայիսի 5-8-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) կայացավ և ամփոփվեց գեշտալտ թերապիային նվիրված վարպետության դասերի շարքը: Նախաձեռնությունը ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնինն էր՝ ի դեմս ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտ. դոկտոր, պրոֆ. Նաիրա Հակոբյանի:
Հրավիրյալ դասընթացավարը ոլորտի առաջատար մասնագետ էր՝ հոգեբ. գիտ. թեկնածու, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի դոցենտ Աղավնի Քոլյանը, որ երկարամյա գործնական փորձ ունի հատկապես գեշտալտ թերապիայի ոլորտում:
Վարպետության դասերի 30-ժամյա շարքը կազմակերպվեց գերազանցապես գործնական ուղղվածությամբ՝ գեշտալտ թերապիայի տեխնիկաներ կիրառելով և հոգեբան մասնակիցներին համապատասխան հմտություններ փոխանցելով:
Դասընթացի մասնակիցների թիվը 22-ն էր, որոնց մեջ գերակշռող մեծամասնությունը հոգեբան էր՝ մագիստրանտ, մագիստրոս, հայցորդ, ասպիրանտ, գիտությունների թեկնածու: Նրանցից բացի՝ կային նաև այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ ԳԿՄԿ-ից և այլ հաստատություններից:
Հաշվի առնելով լսարանի մասնագիտական բազմազանությունը՝ գեշտալտ թերապիայի նյութը մատուցվեց հնարավորինս մատչելի՝ պահպանելով հոգեբանության նեղ գիտական առանցքը:
Շնորհիվ դասընթացավարի մասնագիտական հարուստ փորձառության, մասնագիտական փորձը փոխանցելու վարպետության և մարդկային կերպարի՝ դասընթացը բարձր գնահատականի արժանացավ մասնակիցների կողմից։
Դասընթացի մասնակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ, իսկ դասընթացավարին՝ շնորհակալագիր՝ ԳԿՄԿ տնօրենի կողմից:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին