Կախվածությունների հիմնախնդրին նվիրված գիտագործնական սեմինար ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում
Փետրվարի 7, 2025
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնը, որ իր ուշադրության առանցքում է մշտապես պահում արդիական հոգեբանական խնդիրները՝ դրանց անդրադառնալով գիտական և ուսումնական հրապարակումների, թեմատիկ սեմինարների, գիտաժողովների և այլ ձևաչափերով, գիտագործնական սեմինար էր նախաձեռնել խիստ արդիական թեմաներից մեկին՝ կախվածություններին նվիրված: Բանախոս էր ընտրված ոլորտի առաջատար մասնագետ Իլոնա Հովհաննիսյանը՝ ՀՀ ԱՆ Կախվածություններրի բուժման ազգային կենտրոնի և «Առողջ հոգի» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան, որ մեծ փորձ ունի կախվածությունների հոգեբանական խնդիրների լուծման դաշտում:
Սեմինարը կայացավ սույն թվականի փետրվարի 6-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դահլիճում՝ Կենտրոնի՝ տարբեր մասնագիտություններ ներկայացնող մագիստրանտների, ասպիրանտների, հայցորդների, աշխատակիցների, շրջանավարտների և հյուրերի մասնակցությամբ:
Հանդիպումը բացեց ԳԿՄԿ գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն, հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.դ., պրոֆ. Նաիրա Հակոբյանը, որ ողջունեց ներկաներին՝ ներկայացնելով բանախոսին և ընդգծելով ընտրված թեման գիտագործնական սեմինարի քննարկման դաշտ բերելու կարևորությունը:
Ապա ելույթ ունեցավ բանախոս Իլոնա Հովհաննիսյանը՝ հենց սկզբից ստեղծելով անկաշկանդ հաղորդակցման միջավայր: Մասնակիցների և բանախոսի միջև ծավալվեց ակտիվ հարցուպատասխան, ինչը բավականին աշխուժացրեց սեմինարի մթնոլորտը: Ու քանի որ բանախոսը զինված էր ոլորտի գործնական հարուստ փորձով, կախվածությունների հիմնախնդրի ենթաթեմաներից յուրաքանչյուրն ստացավ փորձի վրա հիմնված սպառիչ մեկնաբանություն: Պետք է փաստել, որ սեմինարի մթնոլորտը շահեց նաև լսարանի պատրաստվածության բարձր մակարդակի և հնչեցված հետաքրքիր հարցերի շնորհիվ:
Սեմինարն ամփոփվեց մասնակիցների և բանախոսի՝ միմյանցից ստացած ընդգծված դրական տպավորությամբ:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին