ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական խորհրդում ամփոփվեցին 2024 թվականի աշխատանքները
Դեկտեմբերի 6, 2024Սույն թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական խորհրդի նիստ, ինչի օրակարգում Կենտրոնի փոխտնօրենների և բոլոր ստորաբաժանումների ղեկավարների տարեկան հաշվետվությունների քննարկումն էր: Ներկա էին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական խորհրդի անդամները, այդ թվում՝ ուսանողներ, բոլոր ստորաբաժանումների ղեկավարներն ու որոշ աշխատակիցներ: Նիստն ընթացավ հիբրիդային ձևաչափով՝ հիմնականում առկա՝ հեռավար մասնակցության զուգահեռմամբ:
Իր բացման խոսքում տնօրեն Ա. Սարգսյանը նշեց, որ Կենտրոնը տարեցտարի գրանցում է արդյունավետ աշխատանքի աճող ցուցանիշներ՝ դրանում կարևորելով բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների ունեցած ներդրումը: Այնուհետև ստորաբաժանումների ղեկավարները համապարփակ կերպով ներկայացրին կատարած աշխատանքները՝ նշելով կարևոր արդյունքները։
Ի թիվս գրանցած մի շարք հաջողությունների՝ անդրադարձ կատարվեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ միջազգայնացման գործընթացին, որն ակտիվ վերելք է գրանցել և՛ գործընկեր կազմակերպությունների, և՛ միջազգային շարժունության առումներով:
Ելույթներն ուղեկցվեցին քննարկումներով և առաջարկություններով: Ցուցվեց առաջարկությունները գրավոր տարբերակով հանձնել Գիտական խորհրդին՝ դրանք առանձին դիտարկելու և, ըստ անհրաժեշտության, 2025-ի զարգացման պլաններում ներառելու նպատակով:
Ընդհանուր առմամբ արձանագրվեց, որ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բոլոր ստորաբաժանումներն էլ աշխատել են հաստատված տարեկան պլանների և կանոնակարգերի համապատասխանությամբ՝ գրանցելով առաջընթացի ցուցանիշներ՝ նախորդ տարիների համեմատությամբ: Ըստ փոխտնօրենների հաշվետվությունների տվյալների՝ շոշափելի հաջողություններ են գրանցվել Կենտրոնի թե՛ գիտահետազոտական, թե՛ ուսումնական աշխատանքների ոլորտներում:
Ներկայացված բոլոր հաշվետվությունները ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական խորհրդի անդամների կողմից արժանացան միաձայն հաստատման: