Գլխավոր էջ





ԳԿՄԿ ուսանողները՝ էկոհամակարգային ուսումնասիրությունների մասնակից

Հուլիսի 6, 2026

Մայիս ամսվա ընթացքում ԳԿՄԿ Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրության ամբիոնի երկրորդ կուրսի ուսանողները, դասախոս Մարի Չաքրյանի ուղղորդմամբ, էկոհամակարգային մատակարարման ծառայությունների գնահատման հետազոտություն են իրականացրել Լոռու սարահարթի կենտրոնական հատվածի լճերի տարածքում։

Ուսումնասիրությունն իրականացվել է ԳԿՄԿ Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրության ամբիոնի և ԵՊՀ Ընդհանուր աշխարհագրության ամբիոնի համատեղ մշակած մեթոդաբանության և հարցաթերթերի միջոցով։

Գնահատումը հնարավորություն կտա պարզելու, թե Սարատովկա բնակավայրի հարևանությամբ գտնվող երեք լճերի տարածքն ինչ կարևոր սոցիալական նշանակություն ունի համայնքի համար, և ինչ հնարավոր սոցիալական կոնֆլիկտներ կարող են ծագել բնահեն լուծումներով լճերի վերականգնման նախագծի իրականացման դեպքում։

Հետազոտությունը կարևոր գործնական տարրեր է պարունակում ԳԿՄԿ Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն մագիստրոսական ծրագրի համար՝ «Էկոհամակարգային ծառայություններ», «Բնահեն լուծումներ և ԿԶՆ-ներ» դասընթացների շրջանակում ձեռք բերած տեսական գիտելիքները ամրապնդելու համատեքստում։

Հետազոտության թեման ընտրվել է Դրեզդենի տեխնիկական համալսարանի Բնապահպանական կառավարման հետբուհական միջազգային կենտրոնի (CIPSEM) UNEP/ UNESCO/ BMUKN շրջանավարտների «Բնահեն լուծումներ․ ջուր-սնունդ-կենսաբազմազանություն կապի ամրապնդում» միջազգային սեմինարի շրջանակում և հիմք դարձել, որ կենտրոնի շրջանավարտ Մարի Չաքրյանն իր ձեռք բերած տեսական գիտելիքները կիրառի գործնականում և փոխանցի ամբիոնի ուսանողներին։