Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում քննարկվեց Շվեդիայի բուհերի հետ համագործակցելու առաջարկը

Մարտի 5, 2025

2025 թվականի մարտի 5-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում կայացավ վարչական կազմի խորհրդաժողով՝ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանի գլխավորությամբ՝ քննարկելու օրեր առաջ ստացված առաջարկը՝ Շվեդիայի բուհական համակարգի հետ համագործակցություն հաստատելու: Առաջարկը ներկայացնող կողմը եղել է Հայաստանում Շվեդիայի շրջանավարտների ցանցը՝ ի դեմս Շվեդիայում կրթություն ստացած հայաստանցի ներկայացուցիչների, որ, փաստորեն, ստանձնել են շվեդական կրթության իրենց փորձը Հայաստանում տարածելու առաքելությունը: Այդ կապակցությամբ փետրվարի 26-ին Երևանում հրավիրվել էր «Sweden Alumni Talk։ Կրթության և համագործակցության հնարավորությունները Շվեդիայում»  միջոցառումը, որին, ի թիվս հայաստանյան այլ բուհերի, հրավիրվել էր նաև ԳԿՄԿ-ն: Այդ միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, իսկ ԳԿՄԿ-ից մասնակցություն են ունեցել ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը և  ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Դիանա Խուզատյանը:


Դեկան Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց վերոնշյալ միջոցառման ժամանակ քննարկված հարցերը ապա Դիանա Խուզատյանը՝ իրենց փոխանցված տեղեկատվության ամփոփ պատկերը՝ սահիկաշարով: Արտաքին կապերի բաժնի պետ Էլլա Պապիկյանը ներկայացրեց ստացված տեղեկատվության մասին Բաժնում կատարված վերլուծության ընթացիկ արդյունքները և դրանց շուրջ իր դիտարկումները: Համագործակցության առաջարկում տեղ էին գտել կրթական, հետազոտական, վերապատրաստումների, կրթաթոշակների հնարավորություններ:


Տնօրեն Արմեն Սարգսյանի գլխավորությամբ ծավալվեց կառուցողական քննարկում, ինչի արդյունքում որոշվեց ընդառաջ գնալ համագործակցության առաջարկին, հատկապես որ համագործակցելու հնարավորությունների մեջ առկա էին ԳԿՄԿ ՄԿԾ-ներին համապատասխանող մասնագիտական ոլորտներ: Հաձնարարվեց առավել մանրամասն վերլուծություն կատարել՝ Շվեդիայի կրթական համակարգի հետ համագործակցելու առաջարկը արդյունավետորեն տեղայնացնելու համար, և նոր կապեր հաստատել Շվեդիայի բուհերի հետ:

 

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին