Գլխավոր էջ





ԳԿՄԿ ուսանողների այցը Մատենադարան

Դեկտեմբերի 3, 2024

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողները նոյեմբերի 26-ին այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան: Նրանք հանդիպել են Մատենադարանի տնօրենի՝ գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանի և Հանրային կապերի բաժնի վարիչ Էմմա Հոռոփյանի հետ: Հանդիպման ընթացքում Թորոսյանը ներկայացրել է Մատենադարանի գործունեությանհիմնական ուղղություները, հայագիտության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, վերջին շրջանի ձեռքբերումները, մասնավորապես՝ համալրումները, որոնք իրականանում են նվիրատվությունների, բարեգործների, ինչպես նաև պետական աջակցությամբ: Ուսանողներին հատկապես հետաքրքրել էին հայագիտության զարգացման ու կայացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Տնօրենի տեղակալի տեղեկացմամբ՝ ներկայումս պետական բյուջեից ֆինանսավորվում է 12 պետությունների 15 բուհերում ստեղծված հայագիտական կենտրոն: Նշվել է, որ հետազոտողների և գիտնականների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում Մատենադարանում պահվող միջնադարյան շրջանին վերաբերող ձեռագրական ժառանգությունը:


Այնուհետև ուսանողները շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում՝ ծանոթանալով մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, մասնավորապես՝ հայերեն և այլալեզու ձեռագրերին, բժշկագիտությանը վերաբերող ցուցասրահներին, ինչպես նաև հոկտեմբերի սկզբին բացված «Ոգեղեն իրեր, հավերժացած պատկերներ. Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձերը» խորագրով ցուցադրությանը: Վերջինս բացառիկ է նրանով, որ հայկական մշակութային ժառանգության այդ եզակի նմուշներն առաջին անգամ են ցուցադրվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս:


ԳԿՄԿ ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու նաև ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների նորաստեղծ լաբորատորիայի աշխատանքներին:


Մատենադարան այցի նախաձեռնողը ԳԿՄԿ ՈւԳԸ-ն էր: