Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանի ամանորյա ուղերձը

Դեկտեմբերի 29, 2022

Սիրելի՛ գործընկերներ, ուսանողներ, բարեկամներ,

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Անշուշտ, մնում եմ այն համոզման, որ միայն կիրթ հասարակության շնորհիվ կարող ենք իրականություն դարձնել մեր երազանքների Հայաստանը: Մենք բոլորս մեր ամենօրյա աշխատանքով ու կենսակերպով մեր բաժին պատասխանատվությունն ենք կրում մեր երկրի բարօրության ու զարգացման համար, իսկ մեր Կենտրոնի առաքելությունը մնում է նույնը՝ ստեղծել կրթական և գիտական արժեք՝ հանուն մեր վաղվա հզոր հայրենիքի:

Անցնող տարին լի էր նոր նախաձեռնություններով, միջազգային համագործակցության նոր ծրագրերով, կրթական ծրագրերի արդիականացմամբ և նոր ենթակառուցվածքների ստեղծմամբ։ Միասին մենք կարողացանք համախմբվել միևնույն գաղափարի շուրջ` վերահաստատելով որակյալ կրթություն ապահովելու մեր նպատակը և չվարանելով հաղթահարել այդ նպատակին հասնելու ճանապարհին ծագած որևէ դժվարություն։ Վստահ եմ, որ բոլորիս համատեղ ջանքերը մեզ կտանեն զարգացման նոր փուլ մեր գործունեության արդյունավետությանը համընթաց քայլելու ճանապարհին:

ԳԿՄԿ-ն իր հիմնադրման 25 տարիների ընթացքում արձանագրել է հաջողություններ գիտակրթական տարբեր ծրագրերում և նախաձեռնություններում։ Լիահույս եմ, որ 2023-ին շարունակելու ենք զարգացման այս ընթացքը՝ ընդլայնելով և կատարելագործելով մեր ծրագրերի ուղղությունները։

Շնորհակալություն եմ հայտնում ԳԿՄԿ իմ բոլոր գործընկերներին և ուսանողներին, ում նվիրումի, համառ աշխատանքի ու միասնական ջանքերի շնորհիվ հաջողվեց բազմապատկել մեր հաջողություններն ու ձեռքբերումները և ձևավորել այն միջավայրը, որից ծնունդ են առել կրթական և գիտական բազմաթիվ գաղափարներ:

Խորին խոնարհումս պատերազմի մասնակիցներին և հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոսների հիշատակին։ Ուժ և կորով նրանց ընտանիքներին և հարազատներին։

Լավատեսությամբ առլեցուն հավատով դիմավորե՛նք գալիք տարին։ Թո՛ղ 2023-ը լինի անառարկելի ու հաստատուն հաղթանակների, մասնագիտական ձեռքբերումների, սիրո և ընտանեկան ջերմության, խաղաղության և միասնության տարի։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Արմեն Սարգսյան
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն