Համագործակցության նոր հուշագիր Կենտրոնի և ՀԳՀՄ-ի միջև
Մարտի 3, 2022Ս/թ մարտի 3-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի ղեկավար Լ. Ադամյանի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գ. Մակարյանի միջև ստորագրվեց համագործակցության մասին Հուշագիր Կենտրոնի ուսանողների, շրջանավարտների և գործատուների միջև մշտական կապի հաստատման ու ամրապնդման նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղական և միջազգային աշխատաշուկայի զարգացման միտումները, աշխատաշուկայում երիտասարդների արագ ինտեգրման, ուսումնառության գործընթացին համընթաց աշխատանքային որոշակի փորձի ձևավորման, Կենտրոնի և Միության միջև ինստիտուցիոնալ կապերի հաստատման հետ կապված հարցեր:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանը ներկայացրեց Կենտրոնում ուսանողների և շրջանավարտների աշխատանքի ընդունվելու հիմնախնդիրների ուղղությամբ տարվող աշխատանքներն ու կարևորեց Միության հետ այդ ոլորտում լավագույն փորձի փոխանակման կազմակերպումն ու գործատուների հետ սերտ համագործակցությունը:
ՀԳՀՄ նախագահ Գ. Մակարյանն ընդգծեց, որ լինելով տնտեսական, աշխատանքային և սոցիալական հարցերը ներկայացնող ազդեցիկ կազմակերպություն Հայաստանում և ընդգրկելով շուրջ 14000 անդամ ընկերություններ Հայաստանում ՀՀ տնտեսության բոլոր ճյուղերից՝ կազմակերպությունն ունի հզոր ներուժ խթանելու գործատուների հետ կապը, աջակցություն ցուցաբերելու Կենտրոնի ուսանողների պրակտիկայի կազմակերպման և աշխատանքի տեղավորման հարցերում Միության անդամ հանդիսացող գործատուների հետ սերտ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև ներգրավելու Կենտրոնի ուսանողներին Միության վերլուծական-հետազոտական և այլ գիտակրթական աշխատանքներում:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի ղեկավար Լ. Ադամյանը նշեց, որ հաշվի առնելով Կենտրոնում գործող բազմազան ստորաբաժանումների, հետբուհական և մագիստրոսական ծրագրերի առկայությունը, ինչպես նաև ՀԳՀՄ-ի դերը՝ որպես գործատուների համընդհանուր ձայնը ներկայացնող կառույց, շատ կարևոր է համագործակցության առավել արդյունավետ ձևաչափերի մշակումն ու կազմակերպումը` աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան կրթական ծրագրերի կատարելագործման և պրակտիկ կիրառման նպատակով:
Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվեցին համատեղ կրթական նախագծերի և դասընթացների մշակման և իրականացման շուրջ՝ առաջիկայում սովորողների համար հնարավորություններ ստեղծելով ներգրավել աշխատաշուկայի պահանջներից բխող հետազոտական թեմաներ մագիստրոսական թեզերում:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին