Գլխավոր էջ





Միջազգային նոր համագործակցություն հեռավար կրթության ոլորտում

Դեկտեմբերի 22, 2022

Որպես հեռավար ուսուցման կազմակերպման ոլորտում առաջատար փորձ ունեցող բուհ՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը կնքել է համագործակցության նոր հուշագիր Եվրոպայի հեռավար կրթություն կազմակերպող լավագույն համալսարաններից մեկի՝ Իտալիայի Միջազգային Տելեմատիկ համալսարանի հետ (UNINETTUNO International Telematic University) վիրտուալ փոխանակման իրականացման և համատեղ հեռավար ուսուցման կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով:

UNINETTUNO–ն իրականացնում է հեռավար ուսուցման կրթական ծրագրեր՝ տրամադրելով բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի աստիճաններ, որոնք ճանաչվում են ողջ Եվրոպայում: Հավատարիմ մնալով իր առաքելությանը ապահովելու որակյալ կրթություն տարբեր մակարդակներում՝ համալսարանն առաջարկում է նաև հավակնոտ կրթական նախաձեռնություններ, մասնագիտական վերապատրաստման դասընթացներ և խորհրդատվություն կարիերայի վերաբերյալ՝ նպաստելու սովորողների կրթական կարիքների բավարարմանը:

UNINETTUNO–ում աշխարհի առաջատար համալսարանների ականավոր գիտնականներն ու դասախոսները դասընթացներ են կարդում են իրական և վիրտուալ հարթակներում հունարեն, իտալերեն, արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով:

UNINETUNO-ի հեռավար ուսուցման ճկուն համակարգի շնորհիվ հնարավոր է սովորել համալսարանում ցանկացած վայրից՝ առանց տարածության և ժամանակի սահմանափակումների:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին