Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի դեկանն ընտրվեց NEPC -ի կառավարման վարչության անդամ

Հոկտեմբերի 28, 2022

Հոկտեմբերի 16-18-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը Խորվաթիայում մասնակցեց NEPC-ի (Կրթության քաղաքականության կենտրոնների ցանց) գլխավոր ասամբլեային և միաձայն ընտրվեց կառավարման վարչության անդամ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի ավելի քան 20 երկրի կրթական քաղաքականությամբ զբաղվող ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ:

Ցանցի գործունեությունը կրթական քաղաքականության բարելավման ուղղությամբ արտացոլվում է բազմազան նախագծերի իրականացմամբ, որը ներառում է խոշոր ծրագրերի մշակման և իրագործման շարունակական գործընթաց տարբեր երկրներից ընտրված կառույցների մասնակցությամբ, որտեղ իր մեծ ներդրումն ունի նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը:

Ցանցի աշխատանքների շրջանակներում գերակա է այն մոտեցումը, որի դեպքում քաղաքականության մշակման գործընթացը դադարում է լինել միայն պետական գերատեսչությունների և ինստիտուտների իրավասությունը: Փոխարենը, այն դառնում է տարբեր դերակատարների՝ ներառյալ պետական ինստիտուտների, գիտնականների և վերլուծաբանների, քաղաքացիների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային կառույցների հավաքական ներդրման արդյունքը՝ ընդունելով տարբեր կարծիքներ և մոտեցումներ և, ի վերջո, ունենալով քաղաքականություն, որն ավելի հուսալի է, համապարփակ և ընդունված հասարակության կողմից:

Հիշեցնենք, որ NEPC (Network of Education Policy Centers) միջազգային կազմակերպությանը անդամակցում է 27 անդամ-կառույց 22 երկրներից, իսկ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն է, որը ցանցին միացել է 2020 թվականից: NEPC-ի նպատակն է ստեղծել կրթական քաղաքականությամբ զբաղվող առաջատար կենտրոնների ցանց, որը, որպես կրթության քաղաքականության տեղական և տարածաշրջանային փորձառություն ունեցող գլոբալ դերակատար, միտված է նպաստելու բաց, ժողովրդավար և բազմակարծիք հասարակության ձևավորմանը:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին