Գլխավոր էջ





ՀՀ նախագահը Մովսես Խորենացի մեդալով պարգևատրել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանին

Հոկտեմբերի 18, 2013

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70- ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում ՀՀ պետական բարձր պարգևների արժանացան գիտության և կրթության ոլորտի մի շարք նվիրյալներ: ՀՀ Մովսես Խորենացի մեդալով պարգևատրվեց նաև ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ալբերտ Գուրգենի Սարգսյանը:
Ալբերտ Սարգսյանը էական ներդրում ունի գիտամանկավարժական կադրերի պատրաստման և Ակադեմիայի համակարգը բարձրորակ կադրերով համալրելու գործում: Ալբերտ Սարգսյանի ջանքերով և նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում 2004 թվականից կազմակերպվեց ուսուցում մագիստրոսական կրթական ծրագրերով` ԳԱԱ համակարգի գիտական և գիտատեխնիկական հարուստ ներուժն ու հնարավորությունները նպատակային օգտագործելու, որակյալ կադրերի պատրաստման, այդ կադրերով ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունները համալրելու նպատակով: 
Սարգսյանի հմուտ ղեկավարման և հետևողական աշխատանքի շնորհիվ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնն արդեն վերածվել է հետբուհական կրթություն իրականացնող հեղինակավոր կառույցի, որտեղ կրթությունն իրականացվում է 20-ից ավել մասնագիտություններով` որակյալ կրթությանը նպաստող ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով հագեցած լսարաններում և լաբորատորիաներում: Սարգսյանի ջանքերով ընդլայնվել են Կենտրոնի միջազգային կապերը, որի արդյունքում կտրուկ աճել է օտարերկրյա մագիստրանտների և ասպիրանտների թիվը: 
Բեղմնավոր է նաև Ալբերտ Սարգսյանի գիտական և գիտակազմակերպչական գործունեությունը: Սարգսյանը ֆիզիկայի բնագավառի ճանաչված մասնագետ է: Նրա հետաքրքրությունների շրջանակում են կիսահաղորդչային նյութերի ֆիզիկայի, արևի էներգիայի ֆոտոէլեկտրաքիմիական վերափոխման, բարձրջերմաստիճանային գերհաղորդականության հիմնահարցերը: