ՄԵՆՎԻՊՐՈ. դեպի հետազոտահեն կրթություն
Սեպտեմբերի 30, 2022ՄԵՆՎԻՊՐՈ Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում վերջին այցի նպատակը տեխնիկական և լաբորատոր հմտությունների և ունակությունների ամրապնդումն էր, քանի որ ծրագրի շրջանակներում ստեղծված միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական եզակի ERLEP լաբորատորիան ծրագրի հիմնական շոշափելի արդյունքներից է, որն արդեն իսկ էականորեն բարելավել է հետբուհական կրթության որակի չափանիշները բնապահպանական կրթության ոլորտում:
«Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի դասախոսներ Գևորգ Տեփանոսյանն ու Դավիթ Պիպոյանը ծրագրով նախատեսված այց են կատարել Իտալիայի Տուշայի համալսարանի մի շարք լաբորատորիաներ, ինչպես նաև Իտալիայի հետազոտությունների ազգային խորհրդի Ցամաքային էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտ։ Օրակարգը շատ հագեցած էր, այցի ընթացքում հանդիպումներ են կայացել հեռազննման, հողերի ֆիզիկական անալիզի, մանրէաբանության, էկոլոգիայի, մոլեկուլային ու բջջային սնուցման և մի շարք այլ լաբորատորիաների գործընկերների հետ: Բացի այդ խիստ հետաքրքրական էր ուսումնափորձնական տնտեսության և կենդանի լաբորատորիաների (living lab) այցերը: Ծրագրի գործընկերների հետ քննարկվել են դասավանդման գործընթացում տարբեր լաբորատոր սարքավորումների կիրառման և հետազոտահեն ուսուցման առանձնահատկությունները:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին