ՄԵՆՎԻՊՐՈ ամառային դպրոց. ամփոփում ենք առաջին օրը
Սեպտեմբերի 7, 2021Ս/թ սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Շրջակա միջավայրի գիտությունները՝ հանուն կայուն առողջության» թեմայով անվճար առցանց ամառային դպրոցի բացման արարողությունը։
Ամառային դպրոցը կազմակերպվել է ՄԵՆՎԻՊՐՈ կարողությունների զարգացմանը միտված Էրազմուս+ ծրագրի շրջանակում։
Բացման խոսքով և շնորհանդեսներով հանդես եկան ծրագրի համակարգող պրոֆ. Նիկոլո Մերենդինոն, Կառլո Կալֆիապիետրան՝ Իտալիայի ազգային հետազոտական խորհրդից, Տուշայի համալսարանի ռեկտոր Ստեֆանո Ուբերտինին, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, հայաստանյան, վրացական և եվրոպական գործընկեր բուհերի ներկայացուցիչները, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի Ծրագրի պատասխանատու Անի Թորոսյանը:
Ամառային դպրոցի շրջանակներում ԳԿՄԿ-ի անունից ողջույնի խոսք ասաց ԳԿՄԿ արտաքին կապերը բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը, որը հակիրճ ներկայացրեց ԳԿՄԿ գործունեությունը:
Ավելի քան 90 մասնակիցներ հանդիպման ընթացքում ծանոթացան ՄԵՆՎԻՊՐՈ ծրագրի գործընկեր կազմակերպությունների և բուհերի՝ այդ թվում ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի գործունեությանը, ինչպես նաև դիտեցին ՄԵՆՎԻՊՐՈ ծրագրի վերաբերյալ նոր տեսահոլովակը: Առաջին օրն ավարտվեց մասնագիտական քննարկումներով՝ ունկնդրելով Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտի առաջադեմ գիտնականներ Ա. Մանտովանիի և Ֆ. Կուբադդայի դասախոսություններն` ուղղված շրջակա միջավայրի միկրոպլաստիկով աղտոտմանը և թունաբանական ռիսկերի գնահատմանը: