Գլխավոր էջ





Մեկնարկեց MENVIPRO ծրագրի ուսումնական այցը. օր առաջին

Ապրիլի 2, 2019

Ս. թ. ապրիլի 1-ին Տուշայի համալսարանի Նելլո Լուպորի էքսպերիմենտալ ֆերմայում (Իտալիա) մեկնարկեց MENVIPRO ծրագրի ուսումնական այցը: Հանդիպումը բացեց ծրագրի համակարգող պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոն, որը ներկայացրեց ուսումնական այցի նպատակները և բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանքային օրեր, իսկ Անդրեյ Գիրիենկոն Հայաստանի և Վրաստանի բուհերի համար ներկայացրեց SWOT վերլուծության շրջանակները և սկզբունքները, որոնք նախատեսված են բուհերում բնապահպանական կրթական ծրագրերի իրականացման համար:

Հանդիպման առաջին մասում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ ԳԿՄԿ-ի գործունեության առանձնահատկությունները, ՀՀ-ում հավատարմագրման կարգը, ՀՀ ԳԿՄԿ հավատարմագրման փորձը, արդյունքները և հետագա գործողությունները, ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում վերջին զարգացումները, իսկ ԳԿՄԿ դասախոս, Բնապահպանություն և բնօգտագործման ամբիոնի միջազգայնացման պատասխանատու Դավիթ Պիպոյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կառուցվածքը, բաժինները և այն հետազոտությունները, որոնք իրականացվում են իր ղեկավարած կառույցի՝ սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից:

Այնուհետև MENVIPRO ծրագրի ԳԱԱ համակարգող Գևորգ Տեփանոսյանը և ԳԿՄԿ դասախոսներ Օլգա Բելաևան, Շուշանիկ Ասմարյանը ներկայացրին իրենց բաժինները և մասնավորապես շրջակա միջավայրի երկրաքիմիայի, ԱՏՀ և հեռազննման և ռադիոէկոլոգիայի բաժիններում կատարվող հետազոտությունները:

Օրվա երկրորդ մասում վրացի գործընկերները ներկայացրին իրենց համալսարանները և հավատարմագրման վրացական փորձը: Հետաքրքրական է այն փաստը, որ Վրաստանում բուհերի կրթական ծրագրերը գրեթե ամբողջությամբ հավատարմագրված են:

Առաջին օրվա վերջում եվրոպական գործընկերները ներկայացրին իրենց կողմից դասավանդվող առարկաները և դրանց հակիճ բովանդակությունը, առարկայական նկարագրի առավել տեղեկատվական մասերը: