Գլխավոր էջ





MENVIPRO ծրագրի ուսումնական այցը. օր երկրորդ

Ապրիլի 3, 2019

Ս. թ. ապրիլի 1-ին Տուշայի համալսարանի Նելլո Լուպորի էքսպերիմենտալ ֆերմայում մեկնարկեց MENVIPRO ծրագրի ուսումնական այցը: Ապրիլի 2-ին՝ ուսումնական այցի երկրորդ օրը, ԳԿՄԿ դասախոս Դավիթ Պիպոյանը ներկայացրեց երեք առարկաների՝ էկոթունաբանություն, էկոլոգիական ռիսկի գնահատում և սննդի անվտանգություն և պաշտպանություն, արդիականացման տեսլականը և դրանց հակիրճ բովանդակությունը: Դասընթացների բովանդակային մասից բացի՝ Դավիթ Պիպոյանը ներկայացրեց նաև հետազոտություններում ուսանողների ներգրավման և մասնակցության գործընթացը, ներկայումս կատարվող հետազոտությունները, դրանց արդիականությանն առնչվող հարցեր: Դավիթ Պիպոյանի ելույթից հետո Գավառի պետական համալսարանի և վրացական գործընկերների հետ քննարկվեցին հետագա համագործակցության ուղիները: Դասընթացների արդիականացման գործընթացն առավել հեշտացնելու և համակարգելու նպատակով նշանակվեցին պատասխանատուներ, որոնք եվրոպական գործընկերների ուղղորդմամբ կհամակարգեն դասընթացների մշակումը և/կամ արդիականացումն ըստ թեմատիկ ուղղվածության: Հայ և վրացի գործընկերները համագործակցության ուղիներ քննարկեցին նաև տվյալների փոխանակման և մշակման համատեքստում:

Հանդիպման երկրորդ մասում մասնակիցներն այցելեցին Իտալիայի ազգային հետազոտական խորհուրդ՝ երկրի էկոհամակարգերի հետազոտական ինստիտուտ, որտեղ քննարկեցին, թե ինչպես է կարող Իտալիայի ազգային հետազոտական խորհուրդը լավագույնս աջակցել դասընթացների արդիականացման գործընթացին: Կազմակերպվեց նաև շրջայց ինստիտուտի գիտական լաբորատորիաներ, որտեղ մանրամասն ներկայացվեցին կատարվող արդի հետազոտությունները: