Աշխատանքային քննարկում ուսանողական ինքնակառավարման մարմինների հետ
Հունվարի 19, 2024Հունվարի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանի և հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանի հերթական հանդիպումը Ուսանողական գիտական ընկերության և Ուսանողական խորհրդի անդամների հետ առաջիկա անելիքների հստակեցման նպատակով:
Հանդիպման ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում ուսանողներն ուղղեցին իրենց հուզող հարցերը և հանդես եկան ուսումնական գործընթացին և ուսանողական կյանքին առնչվող տարբեր առաջարկներով:
Ուսանողական խորհրդի նախագահ Արաքսյա Գևորգյանը և ՈՒԳԸ փոխնախագահ Հռիփսիմե Խաչատրյանը ներկայացրին ուսանողների հետ քննարկումների ընթացքում մշակված առաջիկա ծրագրերը ՈՒԽ-ՈՒԳԸ գործունեության շրջանակներում, որոնք ներառում էին ժամանցային միջոցառումների, այլ բուհերի ուսանողական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության և ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Դեկան Ա. Մխիթարյանն ընդգծեց Կենտրոնում որոշումների կայացման գործընթացում ուսանողների ակտիվ ներգրավվածության կարևորությունը՝ շեշտելով, որ ԳԿՄԿ-ն մշտապես պատրաստակամ է ականջալուր լինելու ուսանողների առաջարկներին և աջակցելու նրանց նախաձեռնություններին: Քննարկման ընթացքում, մասնավորապես, կարևորվեց ԳԿՄԿ-ի կողմից ուսանողների մասնագիտական և հետազոտական միահյուսված գործունեությանը միտված համապարփակ գիտելիքների, հմտությունների ու կարողությունների շարունակական արդիականացման, ամրապնդման, պրակտիկաների միջոցով գործնականում կիրարկման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Ի պատասխան ուսանողների մի շարք հարցերին՝ հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանը նշեց, որ տնօրենության հետ ներկայումս քննարկվում են մի շարք հարցեր ուսանողական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության, ուսանողների կամավորական աշխատանքների խրախուսման, գիտությամբ հետաքրքրված ուսանողների ուսումնառության շարունակության և խրախուսման մեխանիզմների ընդլայնման ուղղությամբ:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին