Հանդիպում Հոգշ. Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի հետ «Պատերազմ և խաղաղություն» խորագրով
Նոյեմբերի 29, 2022ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և հանրային կապերի և կարիերայի բաժնի աջակցությամբ ս/թ նոյեմբերի 28-ին Կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի տնօրեն Հոգշ. Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի հետ «Պատերազմ և խաղաղություն» թեմայով՝ նպատակաուղղված հոգևոր և ազգային արժեքների պահպանմանը:
Հոգշ. Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն անդրադարձավ պատերազմին և խաղաղությանը ինչպես հոգևոր, այնպես էլ անձնական կյանքի համատեքստում՝ ծանոթացնելով սուրբգրային տարբեր տեքստերում հանդիպող «խաղաղություն» բառի ավելի քան 25 իմաստային հոմանիշների հետ: Հոգշ. Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը խոսեց նաև պատերազմի մասին, որը Նոր կտակարանում երկու իմաստով է գործածվում, առաջինը՝ վախճանաբանական, այսինքն՝ Քրիստոսը հաղթելու է սատանային, և երկրորդը՝ որպես վեճ մարդկանց միջև:
Հայր Սուրբն անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմին՝ նշելով, որ պետք է կարողանալ արժանապատվորեն ընդունել պարտությունը, ուղղել սխալները և բանակի զորությամբ հասնել արժանապատիվ խաղաղության:
Կենտրոնի ՈՒԽ նախագահ, արևելագիտության ամբիոնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Հենրիկ Ջամալյանը կարևորեց նման ձևաչափով հանդիպումների հաճախակի կազմակերպումը, որոնք թիրախային են և նպատակային՝ ուղղված երիտասարդ սերնդի ազգային և համամարդկային արժեհամակարգի ամրապնդմանը:
Հանրային կապերի և կարիերայի բաժնի ղեկավար Լիլիթ Ադամյանն էլ ընդգծեց, որ նմանատիպ հանդիպումները նպատակ ունեն պայքարելու այսօր մեծ թափով մեր հասարակություն ներխուժած օտարամուտ արժեքների դեմ և նպաստելու հայի ինքնության պահպանմանը:
Հանդիպումն ամփոփվեց մասնակիցների ակտիվ հարցուպատասխանով հոգևոր և ազգային արժեքների մարտահրավերների շուրջ:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին