Աշխատանքային հանդիպում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ամբիոնների վարիչների հետ
Փետրվարի 8, 2023Ս/թ փետրվարի 8-ին կայացավ հերթական հեռավար հանդիպումը ամբիոնների վարիչների հետ, որին ներկա էին Կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն ու տնօրենության անդամներ:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը կարևորեց հանդիպման օրակարգում բարձրացվող հարցերի՝ մասնավորապես Կենտրոնի միջազգայնացման և տեսանելիության բարձրացմանն ու դրանց ուղղությամբ տարվող աշխատանքների մանրամասն քննարկումը, որոնք սահմանված են Կենտրոնի զարգացման ռազմավարական ծրագրով և բարելավման պլանով:
Կենտրոնի գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նաիրա Հակոբյանն իր խոսքում ներկայացրեց, թե ինչպիսի քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել աշխարհի լավագույն բուհերի վարկանիշավորման աղյուսակներում Կենտրոնի ներգրավվածության համար՝ նշելով, որ Կենտրոնի դասախոսներն իրազեկված են իրենց գիտական գործունեության մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու և ակադեմիական սոցցանցերում գրանցվելու մասին։ Այդ հարցում դասախոսներին աջակցություն ցուցաբերելու և ակադեմիական սոցցանցերում դասախոսների գրանցման գործընթացը դյուրացնելու նպատակով Կենտրոնը նախաձեռնել է սեմինար «Ակադեմիական սոցցանցերը՝ որպես հետազոտողի արդիական գործիք» թեմայով, որը կվարի Կենտրոնի լեզվաբանության ամբիոնի վարիչ, գիտական քարտուղար, բ.գ.թ. Մերի Սարգսյանը:
Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ևս անդրադարձավ վարկանիշավորման աղյուսակներում Կենտրոնի ներգրավվածության հարցին՝ առաջարկելով հեռավար դասընթացների անցկացման համար ներգրավել արտերկրյա հայախոս դասախոսների և խորացնել առկա համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։
Հանդիպմանը մասնակից կրթության որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանն էլ նշեց, որ 2023 թ.-ից սկսած Կենտրոնում նախատեսվում են իրականացնել դասախոսների փոխգնահատման հարցումներ, որի համար ամբիոնները կարող են ինքնուրույն մշակել հարցաշարեր կամ օգտվել կրթության որակի ապահովման բաժնի կազմած հարցաշարից։
Կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանն անդրադարձավ հեռավար հարթակի մշտադիտարկման արդյունքներին և տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում կարող են կազմակերպվել վերապատրաստման դասընթացներ հարթակից օգտվելու ուղղությամբ: Ի հավելումն՝ ՏՏ բաժնի պետ Արմեն Եղոյանը հավաստիացրեց, որ հարթակից օգտվելու համար տեղադրված են բոլոր անհրաժեշտ ուղեցույցները՝ մանրամասն նկարագրություններով։
Հանդիպման վերջում ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը նշեց, որ համաձայն ուսումնական մասի կողմից տրված հանձնարարականի՝ Կենտրոնի ուսումնական գործընթացի բարելավման պլանի շրջանակներում ս/թ փետրվարի 13-25-ը ԳԿՄԿ մասնագիտական ամբիոններում կիրականացվեն դասալսումներ։ Ե․ Զարգարյանն անդրադարձավ նաև ամբիոններում ՄԿԾ-ների բենչմարքինգի շարունակական գործընթացն ապահովող աշխատանքներին, ինչպես նաև տեղեկացրեց Կենտրոնին պետության կողմից 2023-2024 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) հատկացված տեղերի մասին։
Տնօրեն Արմեն Սարգսյանն ամփոփելով աշխատանքային հանդիպումը՝ նշեց, որ Կենտրոնի փաստաթղթաշրջանառությունն առավել արդյունավետ և հասանելի դարձնելու նպատակով նախատեսված է գործարկել «Mulberry» համակարգը, որը հասանելի կլինի նաև ամբիոնների վարիչներին։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին