Գլխավոր էջ





Հանդիպում «Coffee House» ընկերության հիմնադիրների հետ «Գիտության և բիզնեսի խաչմերուկում»

Մարտի 16, 2023

Ս.թ. մարտի 16-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ «Գիտության և բիզնեսի խաչմերուկում» տեղի ունեցավ վարպետության դաս գործարարներ՝ «Coffee House» ընկերության հիմնադիրներ Հարություն Մկրտչյանի և Նարեկ Քեյանի հետ, որի նպատակն էր միասին բացահայտել «Սեր և սուրճ մեկ բաժակում» բրենդի հաջողության պատմությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գործարար վարչարարության և հանրային կառավարման ամբիոնների ուսանողները, ովքեր կարևորում են նման ձևաչափով հանդիպումների հաճախակի կազմակերպումը, որոնց ընթացքում հնարավորություն են ունենում ստանալ գործնական խորհուրդներ բիզնես ոլորտում հաջողության հասած գործարարներից:

Հանդիպմանը մասնակից ուսանողների համար Հարություն Մկրտչյանն ու Նարեկ Քեյանն անցկացրին վարպետության դաս՝ ներկայացնելով «Coffee House» ընկերության կայացման ոչ այնքան դյուրին ճանապարհը, հանդիպած դժվարություններն ու խոչընդոտները, որոնք համառորեն հաղթահարելով՝ նրանց հաջողվեց տարեցտարի մի քանի անգամ բազմապատկել մասնաճյուղերի թիվը:

«Դպրոցական տարիքում կարճաժամկետ դպրոցական ծրագրով Չինաստան էի մեկնել: Այնտեղ առաջին անգամ այցելեցի Starbucks-ի սրճարան, որտեղից էլ միտք առաջացավ այդ փորձը ներդնել նաև մեր երկրում: Այսպես էլ ծնվեց սուրճի առաջին take away ցանցը Հայաստանում», - պատմում է ընկերության համահիմնադիր Հարություն Մկրտչյանը:

Հանդիպման ընթացքում ուսանողներն ակտիվ քննարկում ծավալեցին «Coffee House» ընկերության հիմնադիրների հետ բիզնեսի արդի մարտահրավերների, զարգացման միտումների, դժվարությունների հաղթահարման տարբեր եղանակների և մի շարք այլ հարցերի շուրջ:

Ընկերության համահիմնադիր Նարեկ Քեյանն ուսանողներին խորհուրդ տվեց բիզնես նախաձեռնելիս առաջին հերթին շատ սեր ներդնել դրա մեջ, քանի որ այն հաջողության հասնելու կարևորագույն գրավականներից է, ինչը դրվել է ի սկզբանե «Սեր և սուրճ մեկ բաժակում» բրենդի հիմքում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի ղեկավար Լիլիթ Ադամյանը շնորհակալություն հայտնեց «Coffee House» ընկերության հիմնադիրներին հրավերն ընդունելու, իրենց փորձով անկեղծորեն կիսվելու, արժեքավոր խորհուրդներ տալու և արդյունավետ քննարկում կազմակերպելու համար, ինչպես նաև առաջարկեց համագործակցել տարբեր ձևաչափերով բուհ-գործատու կապի ամրապնդման և ներկայիս աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսանողների պրակտիկ հմտությունների ձեռքբերման նպատակով:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին