Համագործակցության հուշագիր ԳԿՄԿ-ի և ՍԻԹԻ ՍՊԸ-ի միջև
Ապրիլի 13, 2023Ս.թ. ապրիլի 13-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Սիթի ՍՊԸ-ի միջև՝ կարևորելով գործընկերության և համագործակցության դերը ուսանողների կրթության, մասնագիտական որակավորման բարձրացման և գործարար մակարդակում դրանց կիրառման գործընթացներում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մի շարք մագիստրոսական կրթական ծրագրերով ԳԿՄԿ ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկայի արդյունավետ կազմակերպման ձևաչափեր, ինչպես նաև լավագույն ուսանողներին կրթաթոշակների տրամադրման հնարավորություններ:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանն իր խոսքում ընդգծեց, որ Կենտրոնի համար առաջնահերթ է կրթություն-գիտություն-արտադրություն սերտ կապը, և այս առումով նոր համագործակցության մեկնարկը լայն հնարավորություններ է ստեղծում ուսանողների համար: «Այս համագործակցությունը հնարավորություն կտա սովորողներին ձեռք բերել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներ, հմտություններ և կարողություններ։ Աշխատանքային տարբեր միջավայրեր մուտք գործելու և ուսումնառության նպաստավոր պայմանների շնորհիվ սովորողները կկարողանան իրական աշխատանքային պայմաններում զարգացնել իրենց հմտությունները, ներգրավված լինել արտադրության և ծառայությունների մատուցման գործընթացների մեջ և ծանոթանալ աշխատաշուկայի ժամանակակից մարտահրավերներին»,-նշեց Ա.Սարգսյանը:
«Սիթի» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Աննա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ ընկերությունը բաց է համագործակցության և իրենց առաջավոր փորձը ուսանողներին փոխանցելու, ինչպես նաև լավագույն ուսանողներին իրենց թիմում ընդգրկելու համար:
Հանդիպմանը ներկա ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը, կարևորելով համագործակցային կրթության դերը աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համատեքստում, նշեց, որ համագործակցության նման ձևաչափը կարող է ապահովել ուսանողներին հաջողությամբ աշխատանք գտնելու և մասնագիտական կարիերայի զարգացմանն անհրաժեշտ հմտություններով:Բացի այդ, աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը ուսումնական հաստատություններին հնարավորություն է ընձեռում իրենց կրթական ծրագրերն իրականացնել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան և դրանք հաշվի առնել կրթական ծրագրերի մշակման, դասավանդման և գնահատման ժամանակ:
ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի ղեկավար Լիլիթ Ադամյանն ընդգծեց, որ այս համագործակցությունը արդյունավետ հարթակ է ստեղծում ուսումնական հաստատության կողմից գործարար միջավայրի կարիքներին ճկուն և հասցեական արձագանքելու համար, աշխատանքի ընդունման գործընթացը համադրելու կրթական ծրագրերի հետ և ընդլայնելու աշխատանքի ընդունվող ուսանողների հնարավորությունները:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին