ԳԿՄԿ ուսանողների և գործարար Բակուր Մելքոնյանի հանդիպումը «Կրթության և բիզնեսի խաչմերուկում»
Նոյեմբերի 17, 2022Ս/թ նոյեմբերի 16-ին «Կրթության և բիզնեսի խաչմերուկում» ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում հանրային կապերի և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում տաղանդավոր գործարար՝ «Արտ Լանչ» ընկերության և մի շարք այլ բիզնես գաղափարների հեղինակ և հիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ:
Միջոցառմանը մասնակցում էին ինչպես ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ, այնպես էլ ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ:
Հանդիպման մասնակիցներին ողջունեց ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի ղեկավար Լիլիթ Ադամյանը, ով շնորհակալություն հայտնեց Բակուր Մելքոնյանին համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ այսօր ուսանողների համար չափազանց կարևոր է գործարարների հետ նմանատիպ հանդիպումների հաճախակի կազմակերպումը, որոնց ընթացքում նրանք հնարավորություն են ունենում ինչպես ստանալ արժեքավոր խորհրդատվություն բիզնեսի ոլորտում իրենց հուզող հարցերի շուրջ անմիջապես գործարարից, այնպես էլ տեղեկանալ ներկայիս աշխատաշուկայի պահանջներին:
Միջոցառման մասնակիցների համար Բակուր Մելքոնյանն անցկացրեց վարպետաց դաս, որի շրջանակներում ծանոթացրեց «Արտ Լանչ» ընկերության հիմնադրման հաջողության պատմությանը, ներկայացրեց իր անցած հաջողություններով և դժվարություններով լի ճանապարհը, պատմեց իր կողմից իրականացրած տարբեր բիզնես նախագծերի առանձնահատկությունների մասին, անկեղծորեն կիսվեց բիզնես պլանից մինչև բիզնեսի իրագործում տանող ճանապարհի գաղտնիքներով, ապա անդրադարձավ Հայաստանում բիզնես սկսելու նախապայմաններին և գործարարին անհրաժեշտ հատկություններին:
Ըստ Բակուր Մելքոնյանի՝ ապագա գործարարն առաջին հերթին պետք է սիրի այն, ինչով ցանկանում է զբաղվել, իսկ երկրորդ հերթին՝ մշտապես համավատարիմ մնա իր սկզբունքներին և առաջնորդվի տվյալ բիզնեսի արժեքների հենքի և սեփական անձի արժեքային համակարգի համադրմամբ:
Հանդիպումն ամփոփվեց մասնակիցների ակտիվ հարցուպատասխանով և մտքերի փոխանակմամբ կրթության և բիզնեսի մարտահրավերների շուրջ:
Հանդիպման ավարտին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի ղեկավար Լիլիթ Ադամյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին արդյունավետ քննարկում կազմակերպելու համար, ինչպես նաև գործարար Բակուր Մելքոնյանի հետ համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերվեց ուսանողների պրակտիկայի կազմակերպման ուղղությամբ:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին