ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրանտները կմասնակցեն «Լուսավոր սահման» բարեգործական ծրագրին
Ապրիլի 30, 2019ՀՀ ԳԱԱ գիտակրթական միթազգային կենտրոնի հանրային կապերի և կարիերայի զարգացման բաժինը հանդիպում էր նախաձեռնել «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպում-դասընթացը նվիրված էր էներգաարդյունավետության, էներգախնայողության և էներգետիկ համակարգի հիմնախնդիրներին և մարտահրավերներին:
Հանդիպման ընթացքում ԳԿՄԿ մագիստրանտներին ներկայացվեցին ՀՀ էներգետիկ համակարգի, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի ընդհանուր զարգացման հեռանկարները, լուսադիոդային լամպերի՝ որպես էներգախնայողության գործիքի օգտագործման առավելությունները և «Լուսավոր սահման» ծրագրի կատարած աշխատանքները: Խոսվեց նաև ծրագրի սոցիալական պատասխանատվության կարևորության և հետագա անելիքների մասին։
«Լուսավոր սահման» ծրագիրը նախատեսում է յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում կազմակերպել կամավորական խմբեր՝ 5-7 ուսանողի մասնակցությամբ, որոնք, զինվելով համապատասխան գիտելիքներով և գործիքակազմով, կմասնակցեն սահմանամերձ համայնքների լուսադիոդացման գործընթացի իրականացմանը։
Ծրագրի նպատակն է Հայաստանի և Արցախի սահմանամերձ համայնքներում մշտապես բնակվող ընտանիքներն ապահովել երկարաժամկետ էներգախնայողություն երաշխավորող լուսադիոդային LED լամպերով:
Հանդիպումն անցավ հետաքրքիր հարցուպատասխանի մթնոլորտում: