Համագործակցության մեկնարկ FAST-ի հետ
Մարտի 15, 2022Ս.թ. մարտի 15-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST-ի) միջև կնքվեց համագործակցության նոր համաձայնագիր «SciNova» ծրագրի համատեղ իրականացման նպատակով:
«SciNova» ծրագիրն իրականացվում է FAST-ի կողմից Ասթոնի համալսարանի հետ համատեղ, որի շրջանակներում մշակվել է «Հետազոտության մեթոդաբանություն» և «Գիտության առևտրայնացում» ակադեմիական դասընթացները՝ ուղղված տվյալ ոլորտներում հայ մագիստրոսների և ասպիրանտների հիմնական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացմանը:
Համատեղ համագործակցության նպատակն է FAST-ի կողմից մշակված դասընթացի ներդրումը Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (ԳՏՃՄ) ֆակուլտետների մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերում:
Համագործակցության շրջանակներում 2022-2023 ուսումնական տարվանից նախատեսվում է «Հետազոտության մեթոդաբանություն» և «Գիտության առևտրայնացում» դասընթացներն ինտեգրել ԳՏՃՄ մագիստրոսական և/կամ ասպիրանտուրայի ուսումնական ծրագրերում որպես պարտադիր դասընթացներ՝ հիմնվելով տրամադրված ուսումնական պլանների վրա։ Այդ նպատակով FAST-ը կիրականացնի ԳՏՃՄ ֆակուլտետների անձնակազմի համար դասընթացավարների վերապատրաստման (ToT) ծրագիր՝ հետագայում դասընթացները դասավանդելու և/կամ ստացած գիտելիքները Կենտրոնի այլ դասախոսների շրջանում տարածելու համար:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին