2013 թվականի Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի մրցույթ դատախաղի լավագույն բանախոս՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրոս Գրիգոր Թունյան
Փետրվարի 22, 20132009 թվականից սկսած ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտները մասնակցում են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից կազմակերպվող Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի մրցույթ դատախաղի հայաստանյան մրցափուլին:
Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի մրցույթ դատախաղը մասնագիտական հմտությունների ու գիտելիքների բարձրացմանը նպաստող մրցույթ է, որը նոր, հաջողություններով լի ճանապարհ է բացում երիտասարդ և խոստումնալից իրավաբանների համար:
2013 թ. ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ թիմը ներկայացնում էին Գրիգոր Թունյանն ու Վահրամ Աբրահամյանը /«Իրավագիտություն», հեռակա, 2-րդ կուրս/, Սոնա Գորեյանն ու Տաթև Արամյանը /«Իրավագիտություն», առկա 1-ին կուրս/ և Անի Սամսոնյանը /«Միջազգային հարաբերություններ», առկա 2-րդ կուրս/:
Այս տարի մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել թիմեր 9 բուհից, որից կիսաեզրափակիչ փուլ անցան լավագույն 4-ը, իսկ եզրափակիչ փուլում մրցեցից ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը և Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմերը; Դժվար մրցապայքարի արդյունքում 1-ին տեղը գրավեց ԵՊՀ թիմը , իսկ 2-րդ մրցանակին արժանացավ ԳԿՄԿ թիմը:
Կիսաեզրափակիչ ու եզրափակիչ փուլերի, ինչպես նաև այս տարվա դատախաղի լավագույն բանախոս ճանաչվեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ թիմի անդամ Գրիգոր Թունյանը: Նա Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի մրցույթ դատախաղի կազմակերպիչների կողմից պարգևատրվեց պատվոգրով: Պետք է նշել, որ Գ. Թունյանն իր հռետորական անթերի խոսքով ու մասնագիտական բարձր առաջադիմությամբ հիացրեց ոչ միայն դատախաղը վարող փաստաբաններին, այլև կազմակերպիչներին ու դատարանում ներկա հյուրերին: