«Երազանքիս իրականացմանը մեծապես նպաստեցին ԳԿՄԿ-ում ստացած գիտելիքներս»,- ԳԿՄԿ ուսանող Էվելինա Առաքելյան
Հուլիսի 8, 2022ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գործարար վարչարարության մագիստրոսական հեռավար կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողուհի Էվելինա Առաքելյանը «Էրազմուս+» կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում այժմ սովորում է Իտալիայի Տուշայի համալսարանում:
Էվելինայի հետ զրուցել ենք Իտալիայի Տուշայի համալսարանում ստացած կրթության, ԳԿՄԿ-ի ընձեռած հնարավորությունների և այլ հարցերի շուրջ:
-Ես Էվելինան եմ, այժմ սովորում եմ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գործարար վարչարարության մագիստրոսական հեռավար կրթական ծրագրի 1-ին կուրսում և ուսումնառությանս երկրորդ կիսամյակը շարունակում Իտալիայի Տուշայի համալսարանում:
Դեռ վաղ տարիքից կամավորությամբ եմ զբաղվել մի շարք հասարակական կազմակերպություններում, և կամավորությունը դարձել է կյանքիս մի մասը:
Բացի դա՝ նաև աշխատել եմ մի քանի ՀԿ-ներում, գրել եմ դրամաշնորհային ծրագրեր երիտասարդների զարգացման ուղղությամբ, շահել ու իրականացրել:
Ծնվել եմ երաժիշտների ընտանիքում, երաժշտությունը անպակաս է իմ կյանքից, ազատ ժամանակ էլ հենց երաժշտությամբ եմ զբաղվում, երգում եմ և դաշնամուր նվագում:
Շատ եմ սիրում ճամփորդել, բացահայտել նոր մշակույթներ, նոր լեզուներ, մարդկանց: Միշտ երազել եմ ճամփորդել և միևնույն ժամանակ սովորել այլ երկրում, և, երևի թե, հենց այդ երազանքն էլ ինձ բերեց Իտալիայի Տուշայի համալսարան, ինչին մեծապես նպաստեց ԳԿՄԿ-ում ստացած գիտելիքներս:
Տուշայում դասերը շատ հագեցած ու բովանդակային են անցնում:
Այստեղ բացի մեր ակադեմիական առարկաներից՝ սովորում ենք նաև իտալերեն, քանի որ ի տարբերություն այլ միջազգային ուսանողների՝ մեր դասերի անցկացման լեզուն իտալերենն է:
Ապագա ուսանողներին խորհուրդ եմ տալիս ընտրել հենց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի մագիստրոսական ծրագրերը, քանի որ այստեղ նրանք հնարավորություն կունենան ուսումն ինձ նման շարունակելու միջազգային տարբեր բուհերում, կստանան որակյալ ակադեմիական կրթություն, դրան զուգահեռ նաև ձեռք կբերեն պրակտիկ հմտություններ և մրցունակ կլինեն աշխատաշուկայում:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին