«ԳԿՄԿ-ն իր ուրույն տեղն ունի իմ՝ որպես անհատի կայացման գործում»,- ԳԿՄԿ ուսանող Հմայակ Պողոսյան
Հունիսի 15, 2022ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կառավարման ամբիոնի գործարար վարչարարության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Հմայակ Պողոսյանն «Էրազմուս+» կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում այժմ սովորում է Իտալիայի Տուշայի համալսարանում:
Հմայակի հետ զրուցել ենք Իտալիայի Տուշայի համալսարանում ստացած կրթության, ԳԿՄԿ-ի ընձեռած հնարավորությունների և այլ հարցերի շուրջ:
-Ես Հմայակ Պողոսյանն եմ։ Սովորում եմ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գործարար վարչարարության բաժնում: Մինչ այդ սովորել եմ ՉԺՀ-ում՝ Պեկինի մանկավարժական համալսարանում, իսկ ներկայումս արդեն ուսումս շարունակում եմ Իտալիայի Տուշայի համալսարանում։ Տիրապետում եմ չորս օտար լեզուների՝ ռուսերեն, անգլերեն, չինարեն, և այս պահին
կատարելագործում եմ իտալերեն լեզվի իմացությունս։
Մասնագիտական գործունեությունս նախատեսում եմ ծավալել ներկրման և արտահանման ոլորտում։
Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ընկերական միջավայրում։ Հաճախ կազմակերպում եմ ֆուտբոլային երեկոներ ընկերներիս հետ։ Սիրում եմ նաև ընթերցել։
ԳԿՄԿ-ն առաջարկում է շատ ճկուն և խորացված մագիստրոսական կրթական ծրագիր՝ «Գործարար վարչարարություն» մասնագիտությամբ։ Ի դեպ ասեմ, որ ուսուցումն այստեղ շատ հարմար է տարբեր առումներով, քանի որ ամբողջությամբ իրականացվում է հեռավար ձևաչափով:
Ծրագրում ներառված առարկաները բավականին խորը և պրակտիկ գիտելիքներ են տալիս բիզնեսի կառավարման մեջ հմտանալու համար, որոնք վստահաբար ես կկիրառեմ հետագա մասնագիտական գործունեությանս ընթացքում:
Ունենալով բազմաթիվ գործընկեր ուսումնական հաստատություններ արտերկրում՝ ԳԿՄԿ-ն եզակի հնարավորություններ է ընձեռում իր ուսանողի համար կուտակել հարուստ գիտելիքների պաշար և փորձառություն նաև միջազգային հեղինակավոր համալսարաններում:
Սա հիանալի հնարավորություն է այն ուսանողների համար, ովքեր որակյալ կրթություն ստանալուց բացի՝ ցանկանում են նաև ճանապարհորդել, ծանոթանալ այլ մշակույթների հետ և ձևավորել լայն մտահորիզոն: Ուրախ եմ ժամանակին կատարած որոշմանս համար՝ գիտակցելով, որ Կենտրոնն իր ուրույն տեղն ունի իմ՝ որպես անհատի կայացման գործում:
Տուշայի համալսարանը, լինելով հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություն, հիանալի պայմաններ է առաջարկում իր ուսանողների համար։
Ուսուցման գործընթացն անցկացվում է ժամանակակից մեթոդների ինտեգրմամբ և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Այստեղ կազմակերպվում են նաև իտալերեն լեզվի դասընթացներ այլ երկրներից ժամանած ուսանողների համար:
ԳԿՄԿ ընդունվող նոր ուսանողներին խորհուրդ կտամ անպայման մասնակցել միջազգային փոխանակման ծրագրերին և միջազգային փորձը մեկտեղել ԳԿՄԿ-ում ստացած կրթության հետ՝ այդպիսով դառնալով մրցունակ և պահանջված մասնագետ։
ԳԿՄԿ-ն այդ հարցում ամենամեծ աջակիցներից է: Խորհուրդ կտամ, որ ապագա ուսանողները լինեն առավել ակտիվ, մասնակցեն ԳԿՄԿ-ի կողմից կազմակերպվող և առաջարկվող տարբեր ծրագրերին, որոնք մեծ հնարավորություն են ընձեռում մասնագիտական և անձնային որակների զարգացման համար։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին