Գլխավոր էջ





«‎Ուսուցումն ուսանողակենտրոն է, իսկ դասախոսներն ամեն կերպ աջակցում են գիտական աշխարհայացք ձևավորելու հարցում», - ԳԿՄԿ ուսանող Անահիտ Քոչարյան

Հոկտեմբերի 27, 2022

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի կառավարման ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Քոչարյանն է, ով այժմ աշխատում է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում՝ որպես ուսուցիչ:

Բակալավրի իր կրթությունն Անահիտը ստացել է ՀՊՄՀ-ում՝ սովորելով բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում:

«‎Մագիստրատուրա ընդունվելիս տարակարծությունների մեջ էի, չէի կարողանում կողմնորոշվել՝ շարունակել բանասերի ճանապարհը, թե՞ ընտրել նոր մասնագիտութուն: Ի վերջո, որոշեցի, որ ուզում եմ նոր ոլորտում տեսնել ինձ, և ընտրեցի կառավարման ոլորտը», - պատմում է Անահիտը:

Ինչպես նշում է Անահիտը՝ ԳԿՄԿ-ի մագիստրոսական կրթության ընտրությունը պատահական չէր, քանի որ հստակ որոշել էր, որ պետք է ակադեմիական խորը գիտելիքներով կրթություն ստանա, իսկ մասնագիտական հմտություններ ձեռք բերելու ճանապարհին շատ կարևոր է ուսումնական նյութի դասավանդումը գիտական աստիճան ունեցող դասախոսի կողմից, ով բացի իր առարկայից տիրապետում է նաև հարակից ոլորտներին:

«‎Ամբիոնը ուսանողակենտրոն է, իսկ դասախոսներն ամեն կերպ աջակցում են ուսանողներին որակյալ կրթություն ստանալու և գիտական աշխարհայացք ձևավորելու հարցում», - ընդգծում է Անահիտը:

Ապագայի մասին էլ խոսելիս վստահ է, որ յուրաքանչյուր մասնագիտության մեջ անհրաժեշտ է զարգացնել նոր մոտեցումներ: «Մեր առջև շարունակաբար նոր խնդիրներ և մարտահրավերներ են դրվում, իսկ մրցակցությանը դիմակայելու համար անհրաժեշտ է ստանալ ժամանակի պահանջներին համապատասխան կրթություն, ինչն էլ, վստահաբար, ապահովում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը»,- ավելացնում է Անահիտը:

Ուսմանը զուգահեռ՝ Անահիտը նաև մասնավոր պարապմունքներ է իրականացնում աշակերտների հետ, սիրում է ընթերցել և տարատեսակ արշավների մասնակցել:

ԳԿՄԿ ապագա ուսանողներին էլ խորհուրդ է տալիս շատ մասնագիտական գրականություն կարդալ, օգտվել Կենտրոնի ընձեռած բազում հնարավորություններից և դասախոսների փոխանցած այն գիտելիքներից և արժեքներից, որոնք նպաստում են գիտելիքահեն և արժեքահեն համակարգի ձևավորմանը և՛ որպես անհատ, և՛ որպես մասնագետ:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին