Գլխավոր էջ





ԳԿՄԿ ուսանողական խորհուրդը մասնակցեց «Նոր սերունդ 2021» հոբելյանական համաժողովին

Դեկտեմբերի 17, 2021

Ս/թ դեկտեմբերի 13-14 Երևանի «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Ռոսսոտրուդնիչեստվո» ծրագրի «Նոր սերունդ 2021» հոբելյանական համաժողովը՝ հաստատված Ռուսաստանի Դաշնության նախագահի 2011 թվականի հոկտենբերի 19-ի հրամանագրով: Միջոցառման շրջանակներում ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդներից յուրաքանչյուրը ներկայացրեց երիտասարդական նախագծեր: Համաժողովին մասնակցեցին ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչներ և բիզնես ոլորտի գործարարներ: Ծրագրի ստեղծման ամենասկզբից ավելի քան 350 երիտասարդ առաջնորդներ Հայաստանից հնարավորություն են ունեցել այցելելու Ռուսաստան և երկարաժամկետ համագործակցություն ձևավորելու ռուսական պետական և ոչ պետական կառույցների, երիտասարդական և հասարակական կազմակերպությունների հետ:

Համաժողովի պաշտոնական բացմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրենց խոսքում ընդգծեցին համաժողովի կարևորությունը: Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը իր հերթին շեշտեց, որ համաժողովը շատ լավ առիթ է համախմբելու ակտիվ հայ երիտասարդության այն ներկայացուցիչներին, որոնք մասնակցել են «Նոր սերունդ» ծրագրին։ «Այս ամենի կարևոր խորհուրդը, անշուշտ, մեր երկրների երիտասարդների միջև կայուն, տևական գործարար և մարդկային շփումների հաստատումն է»,- նշել է դիվանագետը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանն էլ իր խոսքում նշեց, որ համաժողովը եզակի հնարավորություն է հայ երիտասարդների համար: Այս հարթակը, նրա խոսքով, նպաստում է բուհերի և պոտենցիալ գործատուների միջև հարաբերությունների ստեղծմանը, նրանց երկարաժամկետ ակնկալիքների իրականացմանը, ինչպես նաև վերապատրաստման ընթացքում ձեռք բերված գիտելիքների ու հմտությունների կիրառմանը։

Համաժողովի պաշտոնական բացմանը ներկա էր նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը, որը, շնորհավորելով հոբելյանական 10-րդ համաժողովը, կարևորեց այս ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական խորհուրդի նախագահ Տ. Կիրակոսյանը, փոխնախագահ Ա. Սարգսյանը և քարտուղար Գ. Հովհաննիսյանը ևս իրենց մասնակցությունն ունեցան համաժողովին՝ ներկայացնելով «Հետպատերազմյան տուրիզմը Հայաստանում» նախագիծը, որը մանրամասն հետազոտություն էր հետպատերազմյան շրջանում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի մասին: Նրանք ներկայացրին նաև ստարտափային նախագիծ, ըստ որի` հնարավորություն կընձեռվի բացահայտելու Հայաստանում տուրիստական անհայտ վայրերը և զարգացնելու տուրիստական հարաբերությունները հայ և ռուս երիտասարդ զբոսաշրջիկների շրջանում:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին