ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատմության,քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնը ընդլայնում է միջազգային կապերը
Հոկտեմբերի 13, 2021
Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի Հյուսիս-Կովկասյան դաշնային համալսարանի հրավերով ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատմության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պ․գ․դ․, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը 2021 թ․ հոկտեմբերի 14-ից 17-ը մասնակցել է այստեղ տեղի ունեցած «Սահմանների ֆենոմենը պատմության և պատմական հիշողության մեջ» միջազգային կոնֆերանսին և հանդիպումներ ունեցել Հյուսիս-Կովկասյան դաշնային համալսարանի ղեկավարության հետ։ Կ․ Խաչատրյանը ողջույնի խոսքով հանդես է եկել կոնֆերանսի պլենար նիստում, ներկաներին փոխանցել ԳԿՄԿ-ի տնօրեն Արմեն Սարգսյանի ողջույնը, ներկայացրել կենտրոնի կողմից իրականացվող գիտակրթական գործունեության հիմնական ուղղություները, ակնլալվող սերտ համագործակցությունը Հարավ-Կովկասյան դաշնային համալսարանի հետ։
Կ․ Խաչատրյանը կոնֆերանսում հանդես է եկել «Հայաստանի տարածքների և սահմանների խնդիրը 1918-1923 թթ.» զեկուցումով, որը հրատարակվել է «Սահմանների ֆենոմենը պատմության և պատմական հիշողության մեջ» գիտական ժողովածուում (Ստավրոպոլ, 2021)։
Հյուսիս-Կովկասյան դաշնային համալսարանի ղեկավարության՝ պրոռեկտոր Ն. Ավրալյովի, միջազգային ծրագրերի և նախագծերի բաժնի պետ Վ․ Սամոյլենկոյի, համաշխարհային պատմության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Ի․ Կրյուչկովի հետ քննարկվել են երկու հաստատությունների, նաև՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, միջև «Անդրկովկասյան հետազոտությունների կենտրոն» ստեղծելու և դրա շրջանակներում գիտակրթական համագործակցության մասին ստորագրված եռակողմ համաձայնագրով նախատեսված փոխգործակցության հնարավորություններն ու խնդիրները։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ կրկնակի դիպլոմի մագիստրոսական կրթական ծրագիր մշակելու՝ կրկնակի դիպլոմի շնորհմամբ, մասին։