ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի վարչական և դասախոսական անձնակազմը հանդես եկավ հաշվետվությամբ
Հունիսի 6, 2018Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության որակի ապահովման բաժնի ղեկավար Նարինե Վարդանյանը, ուսումնական մասի պետ Երջանիկ Զարգարյանը, «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը, ամբիոնի դասախոսներ Նարինե Մանուկյանն ու Արամ Սիմոնյանը Եվրոմիության Էրազմուս+ KA 107 ծրագրի շրջանակներում 2018 թվականի ապրիլի 22-28-ը պաշտոնական այցով գործուղվել էին Իտալիայի Տուշայի համալսարան: Այցի շրջանակներում Գիտակրթական միջազգային կենտրոնի պատվիրակությունը ունեցել էր տարատեսակ հանդիպումներ: Տուշայի համալսարանի փորձը համարելով խիստ ուսանելի՝ վերադառնալով Հայաստան՝ ս/թ մայիսի 24-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ նիստերի դահլիճում կազմակերպվեց հանդիպում ԳԿՄկ որակի ապահովման պատասխանատուների, վարչական ստորաբաժանումների ղեկավարների և «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի դասախոսական կազմի հետ, որտեղ գործուղված մասնակիցները նախապես պատրաստած տեսաշարով ներկայացրեցին և պատմեցին գործուղման մանրամասները և ձեռք բերված պայմանավորվածությունները: Եղան տարատեսակ հարցեր և քննարկումներ: Մասնակիցները կարևորեցին գործուղումների՝ այսօրինակ հաշվետվողականության մեխանիզմի ներդրումը Կենտրոնում:
Ապա որակի ապահովման պատասխանատուներին Ն. Վարդանյանը ներկայացրեց Տուշայի համալսարանում գործող որակի ապահովման համակարգը, մասնավորապես ուսանողների շրջանում անցկացվող տարատեսակ հարցումների կարգը, որի վերաբերյալ ընթացան քննարկումներ՝ թե որքանով նպատակահարմար կլինի շահակիցների հարցումներն անցկացնել մինչ քննաշրջանը: Մասնակիցները փաստեցին, որ այս պահին դեռևս ԳԿՄԿ համակարգն ու ուսանողությունը պատրաստ չեն այդպիսի փոփոխության, սակայն այս հարցը կմնա դեռ օրակարգային: Ապա խոսք գնաց ամբիոնային հաշվետվությունները որակի ապահովման չափորոշիչներին համապատասխանեցնելու իտալական փորձի մասին, որոշվեց այդ փորձը քննարկել տարբեր ամբիոններում: