Կայացավ «Հետազոտահեն կրթության արդի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը
Մայիսի 31, 2024Մայիսի 31-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ «Հետազոտահեն կրթության արդի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը, որն իր աշխատանքները կազմակերպեց զուգակցված՝ առկա-առցանց եղանակով, լիագումար նիստում և առանձին գիտական բաժանմունքներում զեկուցումների ներկայացման և քննարկման ձևաչափով։
Գիտաժողովին մասնակցում էին օտարերկրյա գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ, ՀՀ տարբեր բուհերի դասախոսներ, մագիստրանտներ, հայցորդներ, ասպիրանտներ, գիտական կենտրոնների ու ինստիտուտների աշխատակիցներ։
Արդեն ավանդույթ դարձած ամենամյա միջազգային գիտաժողովի նպատակն է վեր հանել հետազոտահեն կրթության առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները, քննարկել մասնագետներին հետաքրքրող հարցերը և ուրվագծել հետագա գործունեության հեռանկարները ներկայիս փոխակերպվող հասարակություններին բնորոշ իրողություններում:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը, ով կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը միջազգային փոխշահավետ համագործակցության խրախուսման և մասնագիտական բազմապրոֆիլ հարթակի ստեղծման տեսանկյունից: «Գիտաժողովը հնարավորություն է տալիս ոլորտի հետազոտողներին և գիտնականներին ներկայացնել իրենց կողմից իրականացվող և կիրառական հետաքրքրություն ունեցող հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև իրենց գործունեությանն առնչվող խնդիրները: Իսկ ժամանակակից գիտության առջև ծառացած հիմնահարցերի մեծ մասը համընդհանուր մարտահրավերներ են, և դրանց լուծումները նույնպես պահանջում են համընդհանուր մոտեցումներ»,- նշեց Ա.Սարգսյանը:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նաիրա Հակոբյանը, ողջունելով մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց գիտաժողովն իրենց մասնակցությամբ արժևորող Ռուսաստանի կրթության ակադեմիայի, Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոցի, Սամարայի պետական սոցիալ-մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներին բովանդակալից գիտական հոդվածների համար, որոնք արդեն տպագրվել են գիտաժողովն ամփոփող գիտական հոդվածների ժողովածուում: Ն.Հակոբյանն ընդգծեց, որ միջազգային գիտաժողովն արդեն տարիներ շարունակ համախմբում է տարբեր երկրների և համալսարանների գիտնականների, դասախոսների և ուսանողների՝ հաղորդակից դարձնելով նրանց տարբեր բնագավառներում կատարվող հետազոտություններին, ստեղծելով միջավայր արդյունավետ փոխգործակցության և նորարարական գաղափարների իրականացման համար։
Հեռավար ձևաչափով իր ողջույնի խոսքը հղեց Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահության գլխավոր գիտական քարտուղար, Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս Սվետլանա Իվանովան։
Մասնակիցներին ողջունեց նաև Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոցի համալսարանական գործընկերության կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Գարմոնովան, ով Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտական բարձրագույն դպրոցի կրթության ինստիտուտի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Եվգենիա Օպֆերի հետ հանդես եկավ համատեղ զեկուցումով «Ժամանակակից ավագ դպրոցի ուսուցիչը՝ իբրև մասնագիտություն և կոչում» թեմայով։
Հեռավար ձևաչափով միացել էր նաև Սամարայի պետական սոցիալ-մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ելենա Իվանյանը, ում զեկուցումը նվիրված էր «Հայերենի վերբալ և տեսուլական անվանակարգեր ռուսական առևտրային դիսկուրսում» թեմային։
Պլենար նիստին հաջորդեցին առանձին բաժանմունքային աշխատանքները՝ ըստ բանասիրության, բնագիտության, իրավագիտության, հոգեբանության, մանկավարժության և կրթության կառավարման, տնտեսագիտության և կառավարման ոլորտների։
Գիտաժողովն անցավ կառուցողական քննարկման մթնոլորտում և ծառայեց որպես արդյունավետ հարթակ նորարարական գաղափարների, գիտականորեն հիմնավորված առաջարկությունների ներկայացման ու քննարկման համար, որոնք հետագայում կունենան կարևոր գիտագործնական նշանակություն։
Բոլոր զեկուցումներն ամբողջական գիտական հոդվածների տեսքով տպագրվել է գիտաժողովում ներկայացված հիմնախնդիրներն ամփոփող գիտական հոդվածների ժողովածուում:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին