ԳԿՄԿ գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրենի զեկույցը միջազգային գիտաժողովում
Ապրիլի 3, 2023Ս/թ մարտի 16-17-ը Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում տեղի ունեցած «New Perspectives in Science Education» խորագրով միջազգային գիտաժովում հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նաիրա Հակոբյանը հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով ՀՀ Գիտության կոմիտեի 21T-5A311 ծածկագրով «Հետպատերազմական շրջանում անձի արժեհամակարգի ճգնաժամի և անոմիայի հիմնախնդիրը և հաղթահարման մեթոդաբանությունը» գիտական թեմայի դրույթները:
Զեկույցում մասնավորապես շեշտադրվեց շարունակական կրթության մեթոդաբանական մոտեցումը` այն դիտարկելով որպես ժամանակակից հասարակություններում հանրային բարեկեցության նահանջի, ապակառուցողականության, սոցիալ-հոգեբանական տարաբնույթ խոչընդոտների ու սոցիալական անոմիային բնորոշ երևույթների հաղթահարման միջոց: Շեշտադրվեց շարունակական կրթության կարևորությունը` անհատի և հասարակության միջև հարաբերությունների կարգավորման, բարոյական, սոցիալ-հոգեբանական, քաղաքակրթական արժեհամակարգերի տիրապետման ու սոցիալ-հոգեբանական ադապտացման տեսանկյուններից:
Գիտաժողովի մասնակիցները կարևորեցին գիտական բոլոր այն հետազոտությունները, որոնք մեծապես նպաստում են հանրային բարեկեցությանը, սոցիալական անոմիային բնորոշ երևույթների հաղթահարմանն ու վերջինիս բացասական պոտենցիալի մարման ուղիների որոնմանը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին