Գլխավոր էջ





«Նորարարությունների կառավարում». արտագնա դասաժամ Գյումրիում

Նոյեմբերի 28, 2019

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի «Գործարար վարչարարություն» մասնագիտության առկա ուսուցման առաջին կուրսի մագիստրանտները «Նորարարությունների կառավարում» դասընթացի արտագնա դասաժամ անցկացրին Գյումրիում:

Արտագնա դասաժամն սկսվեց «Արագընթաց էլեկտրագնացքում». երկժամյա ճանապարհին քննարկվեցին «Խելացի քաղաք» ճարտարագիտական համալիրի լուծումները։  Քննարկումներն անցան գործնական հարցադրումների ակտիվ միջավայրում։

Արտագնա դասաժամի մասնակիցները Գյումրիում  ծանոթացան քաղաքի «խելացի» նորարարություններին, այցելեցին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն: Ծանոթացան Կենտրոնի աշխատանքներին, առաջխաղացումներին և առանձնահատկություններին։ Մագիստրանտների ուշադրությունը հրավիրվեց հատկապես նորարարությունների կառավարման գործնական հմտությունների և նրբությունների վրա: Ներկայացվեց նաև, թե ինչպես և ինչ պայմաններում են ստեղծվում, առաջ մղվում և կյանքի կոչվում նորարարությունները, և ինչպես են դրանք հայտնվում շուկայում:

Խումբը շրջայց կատարեց Գյումրիում. զուգահեռներ անցկացվեցին պահպանված հնի, ստեղծված նորի և ապագայում ստեղծվելիքի միջև։ Հատուկ նշվեց սերունդների համերաշխության գաղափարի պահպանման անհրաժեշտությունը։ Մագիստրանտները ներկայացրին «խելացի քաղաք» համալիրի հնարավոր զարգացման և կատարելագործման օջախները, ուղղությունները և ներուժը։

Հետդարձի երկժամյա ճանապարհին մագիստրանտները խաղացին հայկական ՏՏ ոլորտի մասնագետների ստեղծած մի քանի խաղ և հանդես եկան հայկական ճանապարհային խաղեր ստեղծելու առաջարկներով։

Առաջարկություն եղավ դասաժամեր անցկացնել նաև Հայաստանի այլ բնակավայրերում՝ տեղի նորարարական ներուժի, նրա առանձնահատկությունների բացահայտման, կիրառման և կառավարման նպատակով։

Արտագնա դասաժամի մասնակից մագիստրանտները իրենց գոհունակությունն են հայտնում Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնին, հարգելի Բելլա Հարությունյանին՝ հյուրընկալելու և հետագա համագործակցության պատրաստակամության համար: