ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն մասնակցեց «Կրթություն և կարիերա EXPO-2022»-ին
Մայիսի 2, 2022Սույն թվականի ապրիլի 27-29 «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ «Կրթություն և կարիերա EXPO-2022» 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում էին Հայաստանում և արտերկրում գործող տարբեր կրթական հաստատություններ։
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում ներկայացրեց Կենտրոնում գործող շուրջ 20 ամբիոնները, որտեղ իրականացվում է կրթություն ավելի քան 30 մասնագիտական կրթական ծրագրերով։ Որպես բարձրագույն ուսումնական հաստատություն, հանդիսանալով հետազոտական առաջին համալսարանի նախատիպը Հայաստանում՝ Կենտրոնն իր այցելուներին ներկայացրեց ինչպես ընթացիկ հետազոտահեն ծրագրերը, այնպես էլ առաջիկայում սպասվող նոր կրթական նախագծերը, այդ թվում՝ «Ինսթիգեյթ»-ի համագործակցության շրջանակներում 2022-2023 ուստարում նոր գործարկվող «Համակարգչագիտություն և խելացի համակարգեր» ամբիոնը։
Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ.Դումանյանը ողջունեց կազմակերպիչներին և մասնակիցներին՝ կարևորելով նմանօրինակ միջոցառումների դերն ու նշանակությունը ոլորտի զարգացման գործում: Նախարարը հյուրերի հետ շրջեց նաև ցուցահանդեսում, այցելեց տաղավարներ, որի ընթացքում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը ներկայացրեց Կենտրոնի հնարավորություններն ու ձեռքբերումները՝ ընդգծելով, որ մասնագիտական ամբիոնների տեղակայումը ակադեմիական համակարգի իստիտուտներում թույլ է տալիս զարգացնել և ամրապնդել կրթություն-գիտություն-հետազոտություն կապը: Գիտահետազոտական հնարավորությունները ծառայեցնելով որպես ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի բազա՝ ամբիոնների համար ապահովում են ոչ միայն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ և մրցունակ կադրերի պատրաստումը, այլև նպաստում ակադեմիական համակարգի կադրային ներուժի երիտասարդեցմանը:
Կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանն էլ իր հերթին նշեց կրթական կառույցների մասնակցության անհրաժեշտությունն ու նշանակությունը նմանատիպ մասնագիտացված կրթական ցուցահանդեսներին՝ ինչպես հանրության լայն շրջանակներին ներկայացնելու ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերը, այնպես էլ նոր գործընկերային հարաբերություններ հաստատելու նպատակով։ Լ․ Ադամյանը ընդգծեց, որ այս երեք օրերի ընթացքում արդեն ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ համագործակցության ուղղությամբ, որոնք ուսանողների համար արտադրական պրակտիկայի և աշխատանքի ընդունման լայն հնարավորություններ են ստեղծելու առաջիկայում։
Հավելենք, որ «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում հիմնականում ներառված էին բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության, շարունակական կրթության, փոխանակման ծրագրերի, արտերկրում ուսուցման, կադրերի վերապատրաստման և այլ թեմատիկ բաժիններ:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին