Հետազոտական համալսարանի կայացումը՝ կրթական բարեփոխումների համատեքստում
Նոյեմբերի 12, 2019Նոյեմբերի 6-ն ՀՀ Ազգային ժողովում քննարկվում էր գիտության ֆինանսավորման հիմնախնդիրը: Քննարկմանը մասնակցում էին ոլորտի ներկայացուցիչներ և մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից (առցանց միացմամբ): Բարձրաձայնված խնդիրներն ու առաջարկությունները բազմաթիվ էին, բայց անդրադառնանք մեկին՝ Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի միջազգային ծրագրերի ղեկավար Գևորգ Ավետիքյանի առաջարկին: Գ. Ավետիքյանն առաջարկում է Հայաստանում ստեղծել հետազոտական համալսարան առանց բակալավրիատի (մագիստրատուրա և ասպիրանտուրա), որը կնպաստի կրթության և գիտության ինտեգրմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի գիտակրթական համակարգի զարգացմանը Հայաստանում:
Նման համալսարան իրականում մեզանում կա. այն Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնն է, որը ասպիրանտական կրթությունից բացի, 2004 թվականից իրականացնում է նաև մագիստրոսական կրթական ծրագրեր՝ մոտ 30 մասնագիտացումներով: Կենտրոնում մագիստրոսական կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպումը ինքնանպատակ չէր: Այն նպատակ է հետապնդում արագացնելու անցումը կրթությունից դեպի գիտական գործունեություն, որին մեծապես նպաստում է այն հանգամանքը, որ Կենտրոնի մասնագիտական ամբիոնները տեղադրվում են համակարգի համապատասխան գիտահետազոտական կազմակերպություններում, որտեղ դասավանդում են գործող գիտնականները: Մագիստրոսների պատրաստումը այսպիսի միջավայրում թույլ է տալիս մագիստրանտներին հնարավորինս արագ ինտեգրվել գիտական հասարակայնությանը և ձեռք բերել գիտական մտածողություն: Կրթության և գիտության մերձեցմանն ուղղված այս քայլերը նպաստում են ակադեմիական համակարգի գիտական կադրերի երիտասարդացմանը: ԳԿՄԿ մագիստրատուրան և ասպիրանտուրան ավարտած մասնագետներից շատերն այսօր զբաղեցնում են բարձր պաշտոններ ՀՀ Կառավարությունում, Ազգային Ժողովում և տնտեսության տարբեր ոլորտներում:
Կենտրոնը, փաստացի, գիտահետազոտական համալսարանի նախատիպն է հայ իրականության մեջ: Իրականում, հետազոտական համալսարանի ստեղծման, կայացման և զարգացման համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսական միջոցներ, պետական ներդրում, այնինչ այսօր ԳԿՄԿ-ն գործնականում ինքնաֆինանսավորվող հաստատություն է (ՀՀ պետական բյուջեից Գիտակրթական միջազգային կենտրոնը ստանում է տարեկան 11 միլիոն դրամ, սակայն հարկերի տեսքով պետական բյուջե է վերադարձնում ավելի քան 70 միլիոն դրամ): Կենտրոնի և հետազոտական համալսարանի զուգահեռների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ ՀՀ ԳԱԱ «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի 2018 թվականի 4-րդ համարում այս հղումով: