Գլխավոր էջ





Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

Մայիսի 3, 2024

Մայիսի 3-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ իրավագիտության, գործարար վարչարարության և դեղագիտության բաժինների առկա ուսուցման մագիստրատուրայի 2023-2024 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի ժ/պ Արմեն Սարգսյանը, ով շնորհավորելով շրջանավարտներին՝ ընդգծեց, որ Կենտրոնը ներդնում է առավելագույն ջանքեր մրցունակ և որակյալ կրթություն տրամադրելու համար, որի առհավատչյան մեր բազմաթիվ շրջանավարտներն են, որոնք այսօր հաջողությամբ իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալում ինչպես ՀՀ ԳԱԱ գիտական կառույցներում և պետական գերատեսչություններում, այնպես էլ տարբեր մասնավոր կազմակերպություններում: Հորդորելով բարձր պահել բուհի պատիվը և հպարտությամբ կրել հետազոտական համալսարանում ստացած մագիստրոսական կոչումը՝ Ա.Սարգսյանը շրջանավարտներին մաղթեց նորանոր վերելքներ և արգասաբեր աշխատանք:

Իր ողջույնի խոսքում ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանն ընդգծեց, որ ուսումնական այս տարին յուրահատուկ է, քանի որ Գիտությունների ազգային ակադեմիան տոնում է հիմնադրման 80-ամյա հոբելյանը, իսկ Գիտակրթական միջազգային կենտրոնը՝ մագիստրատուրայի հիմնադրման 20-ամյակը, ուստի այս կրկնակի հոբելյանական տարվա առթիվ շրջանավարտներին մաղթեց կրկնապատկել մասնագիտական հաջողություններն ու ձեռքբերումները՝ ի բարօրություն իրենց և ի նպաստ մեր երկրի զարգացմանը:

Շնորհավորանքներին միացան նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանն ու դեղագիտության ամբիոնի վարիչ Արփինե Հարությունյանը, ովքեր վստահություն հայտնեցին, որ շրջանավարտներն իրենց ուրույն տեղը կզբաղեցնեն նոր պահանջներ առաջադրող և նոր մտածողությամբ գործող աշխատաշուկայում:

Նազանի Ասատրյանը, ով գերազանցությամբ ավարտեց գործարար վարչարարության մագիստրատուրան, հանդես եկավ շրջանավարտների անունից և դրվատանքի խոսքեր ուղղեց ԳԿՄԿ ղեկավարությանը և պրոֆեսորադասախոսական կազմին որակյալ կրթության ապահովման, գործնական հմտությունների զարգացման և մասնագիտական ուղու կառուցման ամուր հիմք ստեղծելու համար:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին