Գլխավոր էջ





Ավարտվեց «Հնամյա ու նորաշունչ հայոց լեզուն» երկօրյա դասընթացը

Սեպտեմբերի 22, 2022

Ս.թ. սեպտեմբերի 19-ին և 20-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնը հյուրընկալել էր բ.գ.թ., Լեյդենի համալսարանի գիտաշխատող, հայագետ Հրաչ Մարտիրոսյանին: Հայագետը երկօրյա արագացված դասընթաց անցկացրեց՝ «Հնամյա ու նորաշունչ հայոց լեզուն» թեմայով: Դասընթացին հնարավորություն ունեցան մասնակցելու ոչ միայն ամբիոնի մագիստրանտները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, այլև ուսանողներ, ասպիրանտներ, դասախոսներ, երիտասարդ հետազոտողներ, ուսուցիչներ գիտակրթական տարբեր հաստատություններից:

Օրական շուրջ 5 ժամ տևողությամբ դասընթացի թեմատիկ հենքում հայոց լեզվի ողջ պատմությունն էր՝ հնդեվրոպական ակունքներից մինչև գրաբար, աշխարհաբար ու բարբառներ։ Առանձնահատուկ ուշադրության արժանացան նաև Արցախի ու Սյունիքի տարածքների բարբառային ու լեզվամշակութային առանձնահատկությունները, հատկապես՝ բնաշխարհը, հատկանունները, դիցաբանությունն ու հավատալիքները, նյութական մշակույթը, մասնավորապես՝ գորգագործությունը։

Դասընթացի նպատակն էր հնարավորինս հանրամատչելի ձևով ներկայացնել հայոց լեզվի և մշակույթի ծագման ու պատմական զարգացման ընդհանուր նկարագիրը, հայերենագիտության գործիքներն ու մեթոդները, լեզվական փոփոխությունների մշտարթուն ընթացքն ու տրամաբանությունը, հնչյունափոխական օրենքի ըմբռնումը, լեզվամշակութային բազմաշերտ իրողությունները, գիտական ու կեղծգիտական դրույթների տարբերակման միջոցները, Հայկական լեռնաշխարհում (մասնավորապես Արցախում և Սյունիքում) հայոց լեզվի պատմական ներկայության լեզվամշակութային ու ժամանակագրական բնութագրերը, արդի լեզվական մարտահրավերները և այլն:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնի վարիչ Մ. Սարգսյանը նշեց, որ այս դժվարին ու ծանր օրերին հայագիտական նման դասընթացը ունկնդիրներին ստիպեց վերադառնալ մեր ակունքներին, լցվել տոկունությամբ, տոգորվել հայրենասիրությամբ և հայերենասիրությամբ: Մ. Սարգսյանը հավելեց նաև, որ այս միջոցառումն էլ ավելի ամրապնդեց հայագետ Հրաչ Մարտիրոսյանի հետ համագործակցային կապերը, շնորհակալություն հայտնեց հայագետին հայրենանվեր, հայապահպան և անշահախնդիր գործունեության համար:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին